6 մլն դոլար. Հրվ. Կորեան օգտատերերի անձնական տվյալները երրորդ կողմին փոխանցելու համար տուգանել է Facebook-ին
Անձնական տեղեկությունների պաշտպանության հարցերով զբաղվող հարավկորեական հանձնաժողովն այսօր գաղտնիության կանոնների խախտման համար 6 միլիոն դոլարի տուգանք է սահմանել ամերիկյան Facebook ընկերության նկատմամբ, գրում է eadaily.com կայքը:
Նշվում է, որ Facebook-ը խախտել է երկրի՝ անձնական տեղեկությունների մասին օրենքները և 2012 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հունիս այլ ընկերությունների առնվազն 3.3 միլիոն օգտատիրոջ տեղեկություն է փոխանցել՝ առանց վերջիններիս համաձայնության:
Հանձնաժողովի փոխանցմամբ՝ երրորդ կողմի ընկերություններին տրամադրված անձնական տվյալների շարքում են օգտատերերի անունները, հասցեները, ծննդյան ամսաթվերը, աշխատանքային փորձը, տեղեկություններ նրանց ծննդավայրի և ընտանեկան կարգավիճակի մասին:
Սակայն փոխանցված տեղեկատվության հստակ ծավալը հայտնի չէ, քանի որ Facebook-ը համապատասխան փաստաթղթեր չի տրամադրել: Հանձնաժողովն ամերիկյան ընկերության գործողությունների հետաքննության համար դիմել է դատախազություն:










