Մոսկվայում արհեստական բանականությունն օգնել է կորոնավիրուսի ախտորոշման համար ավելի քան 500 000 ՀՇ պատկեր ուսումնասիրել

22:01 • 25.11.20

Մոսկվայում կորոնավիրուսի ախտորոշման համար ավելի քան 500 000 պատկեր մշակվել է արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ВКонтакте սոցցանցի իր պաշտոնական էջում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Այսօրվա դրությամբ արհեստական բանականությունն օգնել է համակարգչային շերտագրության (ՀՇ) ավելի քան 500 հազար նկար մշակել կորոնավիրուսի ախտորոշման համար: Արհեստական բանականությունը տեսնում է թոքերի վնասվածության աստիճանը, բարձրացնում է ախտորոշման գործընթացի որակն ու արագությունը: Դա շատ կարևոր է «Քովիդ-19»-ի պարագայում, երբ բուժման եղանակի մասին որոշում պետք է կայացվի հաշված ժամերի ընթացքում»,- գրել է քաղաքապետը:

Վերջինս ընդգծել է, որ  համակարգչային շերտագրության պատկերի նկարագրության վրա ծախսվող ժամանակը կրճատվել է հասնելով 15 րոպեի:

Ռուսաստանում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 2 162 503 մարդ, որոնցից 23 625-ը՝ վերջին մեկ օրում: Մահացության ցուցանիշը հասել է 37 538-ի, որից 507-ն արձանագրվել է վերջին մեկ օրում:

 

Մոսկվայում արհեստական բանականությունն օգնել է կորոնավիրուսի ախտորոշման համար ավելի քան 500 000 ՀՇ պատկեր ուսումնասիրել