Մենք պաշտպանության նախարարի հետ հանդիպում ենք պահանջել, հարցեր ունենք, որոնց պատասխաններն իրենից ենք ակնկալում. զինծառայողի մայր

14:05 • 26.11.20

Մենք պաշտպանության նախարարի հետ հանդիպում ենք պահանջել: Դա ձևակերպվեց գրավոր տեսքով, ներկայացվեցին կետերը, որոնց շուրջ պետք է խոսենք: Այս մասին ՊՆ-ի մոտ Tert.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի մայրը, որը մի քանի այլ ծնողների հետ հանդիպում էր ունեցել ՊՆ ներկայացուցչի հետ:

«Առաջին կետը երեխաների արձակուրդի ապահովումն է, որ կազդուրվեն, հետագայում ՊՆ-ն մեզ պատասխաններ տա, թե ինչպես և ինչ զորամասերում են զինծառայողները շարունակելու իրենց ծառայությունը: Հաջորդիվ՝ եթե հայկական զորքերը տարհանվում են, ինչպես է դա տեղի ունենալու, և ինչ գործընթացով՝ փուլայի՞ն»,-ասաց նա՝ նշելով, թե բոլոր հարցերի պատասխաններն ակնկալում են պաշտպանության նախարարից:

Զինծառայողի մոր տեղեկացմամբ՝ հանդիպման ժամկետ չի ասվել:

Նա նշեց, թե այս պահի դրությամբ նախարարությունում կայացած հանդիպումն իրենց բավարարում է, եթե հարցը «չքնեցնեն», ու ծնողներն ստիպած չլինեն նորից ՊՆ գնալ: «Մենք 10 օր առաջ էլ ենք այդ հարցը բարձրացել և ոչ մի պատասխան չենք ստացել: Սա խաղաղ ակցիա է, որի շրջանակում մեր հարցերին պատասխաններ ենք ուզում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողների ծնողները Պաշտպանության նախարարության  մոտ նշում էին, թե պատերազմի դադարեցումից հետո զինծառայողներն ունեն մի շարք խնդիրներ հանգստի կազմակերպման, պատշաճ բուժզննման հետ կապված: