Տարրական դիվանագիտական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է արձանագրել՝ մենք հատկապես դիվանագիտական դաշտում կրել ենք խայտառակ պարտություն. Իվետա Տոնոյանը՝ ԱԳ նախարարի հայտարարության մասին
Վարչապետի կադրային փոփոխություններն ընդամենը կոսմետիկ, հանրության աչքին թոզ փչելուն ուղղված և որևէ բան չնշանակող փոփոխություններ են, այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Ես լսեցի նաև ԱԳ նախարարի խայտառակ հայտարարությունն այն մասին, որ դիվանագիտական դաշտում մենք պարտություն չենք կրել. կներեք, բայց տարրական դիվանագիտական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է արձանագրել, որ մենք հատկապես դիվանագիտական դաշտում կրել ենք խայտառակ պարտություն»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով՝զրոյական կամ չնչին նշանակություն ունեցող պաշտոնյաներին մեկը մյուսին փոխարինելով, ոչինչ չի փոխվի: «Հաշվի առնենք, թե ում են բերում հեռացված պաշտոնյաների փոխարեն: Մեկը անհասկանալի կենսագրություն ունեցող, վարկային կազմակերպություն ղեկավարվողին բերել նշանակել են աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար: Այս ամենն ինչ-որ անհասկանալի, հանրային տրամադրությունները շեղելու անհաջողության մատնված գործողություններ են, և միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- ընդգծեց պատգամավորը:
Նշենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Կառավարության նիստից հետո Tert.am-ի հետ զրույցում նշել էր․ «Ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, դիվանագիտության մեջ՝ ոչ»։










