Այսօր, երբ պատերազմի հետևանքով Ադրբեջանին է անցել Արցախի զգալի մասը, առկա է միջանցքների հարցը, հայկական կողմի համար բազմաթիվ ռիսկեր են առաջացել. Վահե Դավթյան

22:04 • 26.11.20

Տրանսպորտային ու տնտեսական միջանցքների ապաշրջափակման հարցն արտահայտված է դեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թ. հայտնի չորս բանաձևերում: Սակայն այսօր, երբ պատերազմի հետևանքով Ադրբեջանին են անցել ոչ միայն 5+2 տարածքները, այլ նաև Արցախի Հանրապետության զգալի մասը, միջանցքների հարցն իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում հայկական կողմի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների դոկտոր, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ համատեղ հայտարարության մեջ խնդիր է դրվել ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում, որը կարող է ելակետ դառնալ մեր տարածաշրջանում ոչ միայն տնտեսական իրավիճակի, այլև տնտեսական զարգացման տրամաբանության փոփոխության համար:

«Թերևս, առանցքային խնդիրը կայանում է նրանում, որ ստեղծված իրավիճակում տրանսպորտային միջանցքների գործարկումը կարող է բերել Ադրբեջանի, իսկ ապագայում նաև Թուրքիայի տնտեսական ագրեսիվ էքսպանսիայի, ինչը արդյունքում էական հարված կհասցնի նաև մեր սուբյեկտայնությանը: Ապաշրջափակումը նշանակում է տնտեսական հաղորդակցությունների ակտիվացում, ինչը ներկայումս առավել քան վտանգավոր է՝ հաշվի առնելով հայաստանյան շուկայի պարալիզացված վիճակը: Արդյունքում էական հարված է հասցվելու մեր տնտեսական անվտանգությանը: Ուստի, նախքան ապաշրջափակման ճանապարհով գնալն անհրաժեշտ է ապահովել ներքին տնտեսական կայուն զարգացում, բարձրացնել շուկայի մրցունակությունը, բարելավել ինստիտուտների աշխատանքը: Նման խնդիր, սակայն, իշխանություններն իրենց առջև երբևէ չեն դրել,- նշեց Վահե Դավթյանը:

Նրա խոսքով՝ ապաշրջափակումը ենթադրում է ոչ միայն Արցախի ու Ադրբեջանի, այլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրասնպորտային կապի հաստատում, որը այդքան էլ իրատեսական չէ.

«Այս համատեքստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խոսում է Նախիջևանով Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության ապահովման մասին, ինչը առնվազն այս պահին, ինչպես նաև տեսանելի ապագայում չի կարող կյանքի կոչվել մի պարզ պատճառով՝ տրանսպորտային ու, առհասարակ, տնտեսական ենթակառուցվածքային նախագծերը, որպես կանոն, քաղաքական գործընթացների ածանցյալներ են: Դրանց իրագործման համար անհրաժեշտ է վստահություն, որը ներկայումս Թեհրանը չունի Հայաստանի նկատմամբ: Ավելին՝ վերջին 2,5 տարվա ընթացքում հայ-իրանական օրակարգը գնալով սնանկացել է, իսկ դրա շրջանակներում իրականացվող բազմաթիվ նախագծեր՝ սառեցվել: Դա շատ պրագմատիկորեն գնահատում են Իրանում: Ստեղծված իրավիճակում Իրանի հետ նոր ենթակառուցվածքային նախագծի իրագործման մասին խոսելն առնվազն անիմաստ է կամ էլ պարզապես ուղղված է ոլորտից անտեղյակ լսարանին»:

Վահե Դավթյանի  համոզմամբ՝ կարևոր է գիտակցել, որ թևակոխել ենք 7-րդ սերնդի պատերազմի շրջան, և թշնամու նպատակն է պարալիզացնել մեր տնտեսական համակարգը, սնանկացնել այն՝ բերելով մեր սուբյեկտության անկմանը: Ուստի, ըստ նրա, մեր տրանսպորտային բլոկադան դեռ շարունակվելու է:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը տնտեսության վատ վիճակի պատճառ նշում է կորոնավիրուսը, սակայն մինչև համավարակը դեռ ներդրումներ չէին լինում, Վահե Դավթյանը պատասխանեց, որ համաճարակը և հետպատերազմյան շոկը բանեցվելու են տնտեսական սպասվող կոլապսը արդարացնելու նպատակով: Մինչդեռ, նրա համոզմամբ, ակնհայտ է, որ ի սկզբանե «թավշյա» կառավարությունը չի ունեցել տնտեսական զարգացման որևէ հստակ ռազմավարություն և չի սահմանել տնտեսական քաղաքականության մոդել:

«Արդյունքում՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ունենք չափազանց վտանգավոր տնտեսական ցուցանիշներ. տնտեսական ակտիվության կտրուկ անկում՝ մոտ 7%, արտահանման ու ներկրման անկում՝ համապատասխանաբար  5% ու 14%, օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի կտրուկ կրճատում՝ 2019-ին մոտ 100 մլն դոլար, 2018-ին՝ 230 մլն դոլար: Առավել քան շոշափելի է դառնում դրամի արժեզրկումը, ինչն անխուսափելիորեն բերելու է գնաճի տեմպերի կտրուկ ավելացմանը: Մեծ է հավանականությունը նաև էլեկտրաէներգիայի գնի աճի, ինչի մասին արդեն խոսում է նաև ՀԾԿՀ-ն: Իշխանությունների ռազմավարական մտածողության, պրոֆեսիոնալ կադրերի բացակայության արդյունքում մենք անխուսափելիորեն հայտնվելու ենք տնտեսական կոլապսի վիճակում: Բարոյահոգեբանական ու քաղաքական շոկին գումարվելու է նաև մեծ տնտեսական ու սոցիալական շոկ, որից դուրս գալը տարիներ կպահանջի»,- ընդգծեց Վահե Դավթյանը: