Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում վերջին 7 օրերի ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման ռեկորդային, ավելի քան 1.5 միլիոն դեպք. The Guardian
Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում վերջին 7 օրերի ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման ավելի քան 1.5 միլիոն դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը՝ հղում տալով ԱՀԿ-ի մասնաճյուղի՝ Առողջապահության պանամերիկյան կազմակերպության հաղորդած տվյալներին:
Интерфакс-ի հաղորդմամբ՝ միայն ԱՄՆ-ում վերջին 24 ժամում հայտնաբերվել է հիվանդության 174 216 դեպք: Ընդ որում, երկրում տարբեր տվյալներով վերջին 1 օրում մահացել է ավելի քան 2 հազար մարդ: Այս թիվն առաջինն է մայիսի 6-ից ի վեր:
The Guardian-ը նշում է, որ հիվանդացության աճն արագացել է Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում. Կանադայում 1 օրում գրանցվել է COVID-19-ով վարակման 1 373, իսկ մահվան՝ 35 դեպք, Մեքսիկայում՝ վարակման 10 974, իսկ մահվան 813 դեպք, Բրազիլիայում՝ համապատասխանաբար վարակման 6 370 և մահվան 20 դեպք:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Առողջապահության պանամերիկյան կազմակերպության ղեկավարի տեղակալ Ջարբաս Բարբոսան տարածաշրջանի երկրներին առաջարկել է կանխել մարդկանց զանգվածային կուտակումները կամ փոքրացնել այդ կուտակումների մասշտաբները:
«Այժմ որևէ զանգվածային հավաքների անցկացման ժամանակը չէ…»,- ասել է Բարբոսան:










