Տղայիս հետ վերջին անգամ սեպտեմբերի 29-ին ենք խոսել, հոկտեմբերի 8-ին էլ նկար է եղել իրենից. դրանից հետո որևէ լուր չունենք. անհետ կորածի հայր

12:38 • 26.11.20

Անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին Պաշտպանության նախարարության  մոտ են, փորձում են տեղեկություններ ստանալ անհետ կորածների որոնման աշխատանքների ընթացքի մասին:

Նրանցից Արթուր Խաչատրյանը՝ ժամկետային զինծառայող 18-ամյա Նարեկ Խաչատրյանի հայրը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերի 8-ից որդուց որևէ տեղեկություն չունեն:

«Իմ տղան սեպտեմբերի 29-ին զանգել է Ջաբրայիլից, հետո գնացել է Հադրութ, հոկտեմբերի 8-ին նկար է եղել իրենից, դրանից հետո ոչ մի տեղեկություն չկա: Հոկտեմբերյանում տղայիս զորամասից երկու հոգի եկել են, ասացին՝ տեսել են հոկտեմբերի 8-ին: Ամսի 8-ին ընկերոջ հետ նկար կա, հիմա այդ ընկերը վիրավոր է»,-ասաց անհետ կորածի հայրը՝ նշելով, թե մինչև հիմա որևէ լուր չկա:

«Ինչ կռիվն սկսել է, 4-5 անգամ փակ համարով զանգում են գիշերվա ժամը 1-2-ից մինչև 7-ը, պատասխանում ենք, ձայն չեն տալիս: Մտածում ենք՝ կարող է երեխեն լինի, վախից չի խոսում: Փորձել ենք փակ համարը պարզել, դիմեցինք, ասացին՝ չեն կարող տրամադրել: Այսօր Ոստիկանություն պետք է գնամ: Ամեն տեղ գնացել եմ, չկա: Թեժ գծերին զանգում ենք, տվյալները նայում են, չկա»,-պատմեց նա:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ անհետ կորածների և գերեվարվածների հարազատները բողոքի ակցիաներ են անում Պաշտպանության նախարարության, Կառավարության դիմաց։ Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ գերեվարվածների վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: