Իտալիայում ստեղծվել է աշխարհի ամենաթանկարժեք կանացի պայուսակը

22:01 • 26.11.20

Իտալական ընկերությունը հայտարարել է աշխարհում ամենաթանկարժեք կանացի պայուսակը ստեղծելու մասին, որը գնահատվում է 7 մլն դոլար:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, խոսքը Բոլոնիայում գործող Boarini Milanesi ընկերության պատրաստած աքսեսուարի մասին է: Այն ներկայանում է ծովակնի (ակվամարին) գույնով, պատրաստվել է ալիգատորի կաշվից:

Թանկարժեք պայուսակը զարդարված է 10 թիթեռնիկներով, որոնցից չորսը պատված են ադամանդներով, երեքը՝ շափյուղաներով, երեքը՝ տուրմալիններով՝ ընդհանուր 130 կարատ քաշով:

Ընկերության համահիմնադիրներից մեկի՝ Մատեո Ռոդոլֆո Միլանեզիի խոսքով՝ պայուսակը ստեղծվել է որպես հարգանքի տուրք իր հոր հիշատակին, որին կորցրել էր դեռ պատանի տարիքում: Պայուսակի դիզայնը ոգեշնչված է օվկիանոսով և շրջակա միջավայրի պաշտպանության անհրաժեշտության շուրջ ուշադրություն հրավիրելու խնդրով:  

Նշվում է, որ ընդհանուր առմամբ երեք նման պայուսակ է ստեղծվելու: Ընկերությունը պատրաստ է յուրաքանչյուր վաճառված պայուսակի գնից 950 000 դոլար հատկացնել ծովերը պլաստիկե իրերից մաքրելուն:

Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ ամենաթանկարժեք կանացի պայուսակը համարվում է Mouawad 1001 Nights Diamond Purse դրամապանակը, որը պատրաստվել է սրտի տեսքով՝ 18 կարատանոց ոսկուց, 4517 ադամանդներից: Այն գնահատվել է ավելի քան 3 մլն դոլար: