«Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը շատ առումներով Փարիզի և Անկարայի միջև տարաձայնությունների հետևանք է». ՌԴ դաշնային խորհրդի անդամ Կոնստանտին Կոսաչով
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը շատ առումներով Փարիզի և Անկարայի միջև տարաձայնությունների հետևանք է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Որքան էլ պարադոքսալ հնչի, սակայն կասկած ունեմ, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ. ֆրանսիայի մեր գործընկերների անկեղծ հույզերը հասկանալով՝ կարծում եմ, որ այն նաև Թուրքիային է վերաբերում»,- նշել է Կոսաչովը:
Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին ֆրանս-թուրքական հարաբերությունները բացասական ուղղությամբ են զարգանում, գործը հասել է միմյանց հասցեին բարձր մակարդակով հնչեցված վիրավորական արտահայտություններին:
«Միևնույն ժամանակ հայտնի է, որ Թուրքիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելով, Լեռնային Ղարաբաղի հարցով բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում էր ընդունել: Եվ այս իրավիճակում միջազգային գործերում Թուրքիայի վարքագծի պատճառով ֆրանսիացի քաղաքական գործիչների զայրույթին գումարվել է ֆրանսիական հասարակության մեջ ավանդական հայամետ համակրանքը»,- ենթադրում է սենատորը:
Կոսաչովի կարծիքով՝ Սենատի միաձայն դիրքորոշումը ցույց է տալիս, որ Ֆրանսիան քաղաքականության մեջ առայժմ ավելի շատ պատրաստ է ցուցադրական քայլերի, քան թե կտրուկ գործողությունների:
«Պրակտիկորեն կասկած չկա, որ կառավարությանը որպես առաջարկ ուղարկված նախաձեռնությունն այդպես էլ կմնա»,- նշել է քաղաքական գործիչը:
«Գուցեև այն դրական միտում ունի, սակայն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը պետք է առաջին հերթին հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսության թեմա մնա՝ առանց վերջնագրերի և ուժային սցենարների»,- եզրափակել է Կոսաչովը:
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:
Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.
1. Առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
2. Դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,
3. Պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։
4. Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:










