Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը

10:39 • 26.11.20

Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ  Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ կայքը, քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և կարգավորված է ճանապարհային շարժը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը: Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ:

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական ադմինիստրացիային Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում:

Ռուս խաղաղապահներն ապահովում են հրադադարի պահպանումը և փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:  

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: