Ստեփանակերտ է ժամանել ՌԴ ԱԻՆ-ի լրացուցիչ խմբավորումը
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ խումբ է ժամանել Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն աջակցություն տրամադրելու համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են գերատեսչության՝ Լեռնային Ղարաբաղում գործող օպերատիվ շտաբից:
«Լեռնային Ղարաբաղ է ժամանել ՌԴ ԱԻՆ-ի լրացուցիչ, ամփոփ խմբավորումը, որը կազմված է Նոգինսկի և Տուլսկի հատուկ կենտրոնների և Лидер կենտրոնի փրկարարներից: Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներն ու էներգետիկայի նախարարության մասնագետները»,- հայտնել է օպերատիվ խմբի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:










