Ընդդիմության համար անընդունելի է անձի պաշտամունքի մթնոլորտը, կարևոր է՝ նոր կառավարությունը համալրվի հայրենասեր և սկզբունքներ ունեցողներով. Ի․ Տոնոյանը՝ նոր վարչապետի մասին (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի դեպքում պատգամավորական մանդատից զրկվելը որևէ բան չի նշանակելու, այդ իշխանության ներկայացուցիչներն են, որոնք իրենց համար, իրենց կյանքի միակ նպատակ, սրբությունը համարում են մանդատը և մանդատով է, որ արժևորում են իրենց գոյությունն ընդհանրապես: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ խորհդի՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու որոշմանը:
«Մենք ընդամենը գործ ունենք, վախկոտ, քինախնդիր փոքրոգի մարդկանց անձնական հաշվեհարդար տեսնելու նկրտումների հետ: Նրանք իրենց կյանքի նպատակ են դարձրել անձնական վրեժխնդրություն լուծել Գագիկ Ծառուկյանից»,- հայտարարեց պատգամավորը:
Հարցին՝ Ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը, երբ իշխանություններն ասում են, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ չկա, նա արձագանքեց. «Միանշանակ վարչապետը պետք է օր առաջ հեռանա, դրանում որևէ այլընտրանք և այլ կարծիք չկա: Ընդդիմությունը շարունակելու է իր պայքարն այնպես, ինչպես արել է մինչ օրս: Այն, որ իշխանությունները պարզապես սարսափած են կոնկրետ այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում, դա փաստում է նաև այսօր խորհրդարանում քննարկվող հարցը, որը կրծքով փորձում են պաշտպանել իշխանությունները և թույլ չտալ, որ ռազմական դրության ռեժիմը չեղարկվի»:
Իվետա Տոնոյանի պնդմամբ՝ իշխող ուժի պատգամավորները որևէ հոդաբաշխ բացատրություն չեն կարողանում ներկայացել, թե ինչու պետք է ռազմական դրությունը շարունակվի: «Ես շատ գնահատում եմ իշխանությունների անձնազոհությունը, որ ամեն կերպ փորձում են կրծքով պաշտպանել Նիկոլ Փաշինյանի իշխանության մեկ օր երկարաձգումը, բայց դա պարտության դատապարտված գործելաոճ է, և որն ավարտվելու է Փաշինյանի հրաժարականով»,- շեշտեց նա:
Հարցին՝ վարչապետի թեկնածու ունի՞ ընդդիմությունը, Տոնոյանը պատասխանեց. «Մենք որևէ կոնկրետ անձի հետ կապված չունենք որոշում և չունենք ընդհանրական քննարկում, սա պատահական որոշում չէ, որովհետև որևէ մեկի համար անընդունելի է կոնկրետ անձի շուրջ ձևավորվող պաշտամունքի մթնոլորտը, որը եղավ Փաշինյանի դեպքում: Այստեղ կարևոր է Կառավարության կազմը սկզբունքներով և հայրենասիրությամբ ուղղորդվող մարդկանցով հավաքագրելը, որոնք կարող են երկիրը հանել ստեղծված օրհասական և խայտառակ վիճակից»:
Թե ով այդ թիմը կղեկավարի, ըստ պատգամավորի, պետք է հաշվի առնեն քաղաքական ուժերի, հանրության, մտավորականների կարծիքը, անձը կարևոր չէ, կարևորը թիմն է:
«Ես առանձին անհատների մասին չեմ խոսելու, թեկնածուները բազմաթիվ են, կոնկրետ վարչապետի թեկնածու պետք է լինի այն մարդը, ով կարող է իսկապես ստեղծված խայտառակ վիճակից երկիրը հանել: Ամբիցիաներ նկրտումներ կարող են ունենալ շատերը, կարող են շատերը մտածել, որ իրենք դա կարող են, բայց քաղաքական թիմը, որը պետք է բերի անձին վարչապետի պաշտոնին, պետք է վստահ լինի, որ այդ անձը կարող է այդ ծանրությունը բարձրացնել»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










