Դոնալդ Թրամփը ներում է շնորհել ազգային անվտանգության հարցով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննին

04:29 • 26.11.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներում է շնորհել ազգային անվտանգության հարցով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ գեներալ Մայքլ Ֆլիննին ներում է շնորհվել: Շնորհավորում եմ նրան և իր գեղեցիկ ընտանիքին: Ես գիտեմ, որ այժմ դուք հրաշալի կտոնեք Գոհաբանության օրը»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

ԱՄՆ նախագահն ավելի վաղ նախազգուշացնում էր, որ կարող է Ֆլինին ներում շնորհելու մասին որոշում ընդունել: Վերջինիս մեղադրում էին ՌԴ-ի հետ կապերի մասին ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու մեջ: Ինքը՝ Թրամփը նշել էր, թե Ֆլինին մեղավոր չի համարում և վրդովված է այն պատճառով, թե ինչպես է նրա հետ վարվել դատական իշխանությունը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցով հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆֆը գործող նախագահին մեղադրել էր ներում շնորհելու իր իրավունքը չարաշահելու մեջ: