Ուկրաինան Թուրքիայի հետ համատեղ ձեռնարկություն է ստեղծում` Bayraktar տեսակի 48 ԱԹՍ-ի արտադրության համար
Ուկրաինան Թուրքիայի հետ համատեղ ձեռնարկություն է ստեղծում ՝ 48 թուրքական Bayraktar TB2 մարտական անօդաչու սարքերի արտադրության համար: Այս մասին գրում է thedefensepost.com կայքը` հղում տալով ուկրաինական պետական «Ուկրսպեցէքսպորտ» պաշտպանական ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Իգորովիչին:
Bayraktar-ն արտադրվում է թուրքական Baykar Makina ԱԹՍ-ների և արհեստական բանականության համակարգերի արտադրողի կողմից:
2019 թվականին «Ուկրսպեցէքսպորտ»-ը և Baykar Makina-ն ստեղծել են Black Sea Shield կազմակերպությունը՝ ԱԹՍ-ների, շարժիչների տեխնոլոգիաների և զինամթերքների զարգացման համար:
Իգորովիչը նշել է, որ այժմ ստեղծվում է նմանատիպ մի կազմակերպություն, որը զբաղվելու է ԱԹՍ-ների արտադրությամբ Ուկրաինայում:
«Մենք շահագրգռված ենք Bayraktar TB2 հարվածային անօդաչու սարքերի արտադրության զարգացման հարցում, քանի որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է առաջիկայում գնել 6-ից 12 նման հարվածային համալիրներ»,-ասել է Իգորովիչը:
Նա տեղեկացրել է նաև, որ համատեղ ձեռնարկությունը այժմ մասնագիտանում է հակատանկային Scythian հրթիռի արտադրության վրա:










