1940-50-ական թթ. ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև սահմանի սահմանազատման աշխատանքներ են սկսվել, որոնք չեն ավարտվել, և փաստաթղթավորված սահմանային գիծ տվյալ հատվածում չի եղել. Երվանդ Վարոսյան
Սոթքի հանքը խորհրդային տարիներից մշտապես շահագործվել է միայն «Հայ ոսկի» ՊՓԲԸ-ի կողմից, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Հանքի տարածքում, դրանից հյուսիս և հարավ ընկած մոտ 100 կմ հատվածում նախորդ դարի 40-50-ական թվականներին նախաձեռնվել են ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև սահմանի դեմորկացիայի աշխատանքներ, որոնք չեն ավարտվել, ու փաստացի փաստաթղթացորված սահմանային գիծ տվյալ հատվածում չի եղել։
Այսօր հանքի տարածք են ներխուժում Ադրբեջանի զինված ուժերը, հայտարարում, որ ըստ իրենց դա իրենց պետության տարածքն է, հիմա էլ գտնվում են հանքի փոսում, որտեղ նրանց հետ «հայկական» կողմից գտնվում են հանքի տնօրենն ու հանքի` ազգությամբ ռուս անվտանգության աշխատակիցները։
Նույն ժամանակ, իրքայլական, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբինյան Ռուբենի ու ԳՇ պետի տեղակալի հրապարակային հայտարարություններով հանքի կեսն առանց հիմքի ու սահմանի դեմարկացիայի նվիրաբերվում է Ադրբեջանին»,- գրել է Վարոսյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին` օրվա երկրորդ կեսին, տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցի տասնյակ զինվորականներ ներխուժել են ՀՀ ամենախոշոր` Սոթքի ոսկու հանքի տարածք, որի մի հատվածը, Քարվաճառի շրջանի` նոյեմբերի 25-ին Ադրբեջանին հանձնելուց հետո, գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում: Հաղորդվում էր նաև, որ ադրբեջանցիները կոտրել են Սոթք-Քարվաճառ մայրուղու վրա տեղակայված անցակետի` նախօրեին տեղադրված դարպասներն ու առաջ շարժվել:
Համացանցում տարածվել էին մի շարք տեսանյութեր, որոնք, թերևս, հաստատում էին տեղեկությունների իսկությունը: Տեղեկատվությունը հաստատել էին նաև Սոթքի համայնքապետը, դպրոցի տնօրենը, նաև` ԱԺ պատգամավորներ:
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը սկզբում հերքել էր տեղեկատվությունը` հորդորելով սպասել պարզաբանումների: Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ դարպասները չեն կոտրվել, այլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման հարցն է քննարկվում:
«Քանի որ Հայաստանն այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ սահման չի ունեցել մինչև հիմա, այսինքն ՀՀ-ից հետո եղել է Արցախը, հիմա սահմանագծի ճշգրտման խնդիր է առաջացել: Այդ աշխատանքներն են իրականացվում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել էր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
Ավելի ուշ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է, որ Սոթքի հանքի մի մասը պատկանում է կիսով չափ մեզ, կիսով չափ գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Հարցին, թե ադրբեջանական կողմից մտե՞լ են ներկայացուցիչներ Սոթքի հանքի տարածք, Տիրան Խաչատրյանը պատասխանել է. «Այո երեք դիրք են տեղադրել, այդ տարածքում, ընդ որում, մեկը` անմիջապես հանքի եզրագծով»:










