Իրանը միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության ֆոնին կարագացնի միջուկային գործունեության նախագծի քննարկումը․ «ՌԻԱ Նովոստի»

13:51 • 29.11.20

Իրանի խորհրդարանի պատգամավորները քվեարկել են երկրի միջուկային գործունեության ակտիվացման մասին օրինագծի քննարկումն արագացնելու օգտին, իրանական լրատվամիջոցներին հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նիստը տեղի է ունեցել միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության ֆոնին։

Ավելի վաղ խորհրդարանականները որոշել էին քննարկել «պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոց» անվանումով օրինագիծը: Կիրակի որոշում է կայացվել նախագծին երկակի նշանակության կարգավիճակ շնորհել։

Օրինագիծը ենթադրում է ուրանի հարստացման մակարդակի բարձրացում մինչև 20 տոկոս և ավելի։ Ներկայում Իրանը միջուկային գործարքով նախատեսված 3,67% -ի փոխարեն ուրանը հարստացնում է 4%-ից բարձր մակարդակով։

Բացի այդ, օրինագիծը ենթադրում է Նաթանզում ուրանի հարստացման IR-2M ցենտրիֆուգների գործարկումը և Ֆորդոյի միջուկային օբյեկտում IR-6 ցենտրիֆուգների տեղադրումը, մինչդեռ միջուկային գործարքը ենթադրում է առաջին սերնդի IR-1 ցենտրիֆուգների օգտագործում:

Հիշեցնենք, որ Ֆահրիզադեի դեմ հարձակում է իրականացվել նոյեմբերի 27-ին: Զինված անձանց և նրա անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ վերջին ծանր վիրավորում է ստացել և մահացել հիվանդանոցում:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել էր, որ Ֆահրիզադեի սպանությունն անպատասխան չի մնա՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ «Թեհրանը, այնուամենայնիվ, չի հայտնվի սիոնիստական ռեժիմի լարած թակարդում»:

«Իրանը խելացի է և չի պատրաստվում հայտնվել սիոնիստների ծրագրերի թակարդում: Իրանը տեղյակ է թշնամու մտադրություններին և  նրան թույլ չի տա հասնել իր նպատակին»,-ասել էր Ռոհանին: