Իրանի հետախուզությունը տեղեկություն է ստացել իրանական միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության կազմակերպիչների մասին

22:42 • 29.11.20

Իրանի հետախուզական ծառայությունները տեղեկություն են ստացել երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կազմակերպիչների մասին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Իրանի տեկեկատվության նախարարությանը:

«Հետախուզության գործողությունների շնորհիվ տվյալներ են ստացվել ահաբեկչական հարձակման կազմակերպիչների մասին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից շեշտել են, որ ստացված տեղեկությունը կհրապարակեն ավելի ուշ:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ գիտնականի սպանության գործում հետքը տանում է Իսրայել: Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ սպանությունը կազմակերպվել է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ:

Իրանցի գիտնականը, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների և նորարարությունների կենտրոնը, սպանվել է նոյեմբերի 27-ին զինված հարձակման ժամանակ ստացած վնասվածքից: