Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունն ու կոչ արել զերծ մնալ տարածաշրջանային լարվածությունը մեծացնող քայլերից
Թուրքիան դատապարտել է Իրանում միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունն ու ցավակցություն հայտնվել սպանվածի ընտանիքին, ասված է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում, հաղորդում է ТАСС-ը:
Պաշտոնական Անկարան կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է տարածաշրջանային լարվածության էսկալացիայի հանգեցնել` հույս հայտնելով, որ զինված հարձակման մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն:
Ֆահրիզադեի դեմ հարձակում է իրականացվել նոյեմբերի 27-ին: Զինված անձանց և նրա անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ վերջինը ծանր վիրավորում է ստացել և մահացել հիվանդանոցում:
Ավելի վաղ` այս տարվա հուլիսին, Նազանթի միջուկային կառույցում հզոր պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով ոչնչացել էր ուրանի հարստացման կենտրոնի ցենտրիֆուգների հավաքման բլոկը:










