Էրդողանի` դատական բարեփոխումների մասին վերջին հայտարարությունից հետո ավելի քան 400 մարդ է ձերբակալվել․ Mezopotamya

10:43 • 29.11.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դատական և մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների մասին վերջին հայտարարությունից հետո երկրի ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության շրջանում ձերբակալվել է առնվազն 415 մարդ, որոնցից 11-ը կալանավորվել են, հաղորդում է Mezopotamya գործակալությունը:

Նշվում է, որ նոյեմբերի 20-ին Դիարբեքիրի դատարանը քրդական «Ժողովրդավար հասարակության կոնգրես» կազմակերպության հետ կապված 101 մարդու ձերբակալման հրաման է տվել․ ձերբակալվածներ թվում կան նաև փաստաբաններ և լրագրողներ։

Ավելի ուշ Բուրսայի և Իզմիթի արևմտյան նահանգներում ոստիկանությունը ձերբակալել է ևս 171 մարդու, այդ թվում՝ քաղաքական գործիչների, փաստաբանների և իրավապաշտպանների:

Նոյեմբերի 24-ին Իզմիթում անօրինական աշխատանքից ազատված 109 մետաղագործներ ձերբակալվել են բողոքի երթ անցկացնելու համար։

Աղբյուրը նշում է, որ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության շրջանում զանգվածային ձերբակալությունները շարունակվել են գրեթե ամբողջ ամսվա ընթացքում։

Էրդողանը նոյեմբերի 13 -ին խոստացել էր բարեփոխումներ իրականացնել տնտեսության, դատական համակարգի և մարդու իրավունքների ոլորտներում։