Անգլիայում ավելի քան 10 000 հնդկահավ են ոչնչացնելու թռչնագրիպի բռնկման պատճառով

18:08 • 29.11.20

Անգլիայի Հյուսիսային Յորքշիր կոմսության թռչնաբուծարանում թռչնագրիպի բռնկումից հետո Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են 10 500 հնդկահավ ոչնչացնել։

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Միացյալ Թագավորության շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությանը, H5N8 թռչնագրիպը հայտնաբերվել է Նորթալերտոն քաղաքի գործարարնում նոյեմբերի 28-ին: Թռչնաբուծարանի բոլոր հնդկահավերին որոշվել է ոչնչացնել՝ վիրուսի տարածումը կանխելու համար:

Նախարարությունից հավելել են, որ դա չի ազդի խանութներում վաճառվելիք հնդկահավի քանակության վրա Սուրբ Ծնունդի տոնին ընդառաջ, որը Բրիտանիայում նշվում է դեկտեմբերի 25-ին:

Ավելի վաղ թռչնագրիպի բռնկումների մասին Եվրոպայում հայտնել էին Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նորվեգիայի և Նիդերլանդների իշխանությունները, որոնք վիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ավելի քան 200 հազար թռչուն են վերացրել: