ԱՄԷ-ն դատապարտում է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունն ու կոչ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) դատապարտել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը` բոլոր կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ իրավիճակի հետագա էսկալացիա, ТАСС-ի փոխանցմամբ` ասված է երկրի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:
«Համոզված ենք, որ մեր տարածաշրջանում առկա անկայունությունն ու անվտանգային մարտահրավերները ստիպում են զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են էսկալացիայի հանգեցնել` սպառնալով տարածաշրջանի կայունությանը: Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը` կոչ ենք անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, որպիսի իրադրությունը չտեղափոխվի անկայունության նոր մակարդակի և խաղաղությանն ուղղված նոր սպառնալիքներ ի հայտ բերի»,- նշված է հաղորդագրությունում:
Իրանցի գիտնականը, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների և նորարարությունների կենտրոնը, սպանվել է նոյեմբերի 27-ին զինված հարձակման ժամանակ ստացած վնասվածքից:
Իրանի հետախուզական ծառայություններն, ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության, տեղեկություն են ստացել երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կազմակերպիչների մասին: Իրանի տեկեկատվության նախարարությունը շեշտել է, որ ստացված տեղեկությունը կհրապարակեն ավելի ուշ:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն էլ հայտարարել է, որ գիտնականի սպանության գործում հետքը տանում է Իսրայել:
Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ սպանությունը կազմակերպվել է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ:










