Moderna-ի պատվաստանյութը 100%-անոց արդյունավետություն է գրանցել COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում
Հայազգի գործարար, քիմիագետ, գիտնական Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության պատվաստանյութը 100%-անոց արդյունավետություն է գրանցել կորոնավիրուսային հիվանդության ծանր դեպքերում։ Ընկերությունը որոշել է հայտ ներկայացնել պատվաստանյութն ԱՄՆ-ում գրանցելու և օգտագործելու համար։
Առաջնային անալիզի դեպքում Moderna-ի պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 94,1%, իսկ հիվանդության ծանր ընթացքի դեպքում՝ 100%։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են կազմակերպության պաշտոնական կայքում։
Պատվաստանյութի փորձարկումներին մասնակցել է ավելի քան 30 հազար կամավոր, որոնցից կորոնավիրուսով վարակվել է 196 մարդ։ Վարակվածներից 185-ը ստացել էին պլացեբո և միայն 11 մարդ էր պատվաստվել։ Այս կերպ պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 94,1%։
Ընկերությունը նաև գնահատել է, թե ինչպես է իրենց պատվաստանյութը գործում COVID-19-ի ծանր դեպքերում։ Հետազոտությանը մասնակցած կամավորներից միայն 30-ի մոտ է վարակվելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությունը ծանր ընթացք ունեցել, նրանք բոլորը պլացեբո ստացած կամավորների խմբում էին։
Պատվաստանյութը ստացած ու վարակված կամավորներից որևէ մեկի մոտ հիվանդությունը ծանր ընթացք չի ունեցել, ինչը նշանակում է, որ նման դեպքերում պատվաստանյութը 100%-անոց արդյունավետություն է գրանցել։
Ընկերությունում նշել են, որ պատվաստանյութի արդյունավետությունը կախված չէ մարդու տարիքից, սեռից կամ ռասայական պատկանելությունից։ Պլացեբո ստացած կամավորների խմբում կորոնավիրուսի հետևանքով մահացել է միայն մեկ մարդ։
Moderna-ն նաև հայտնել է, որ նոյեմբերի 30-ին հայտ է ներկայացրել ԱՄՆ-ում իր պատվաստանյութի կիրառման համար, որը պետք է դիտարկվի ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) կողմից։
Ավելի վաղ Միացյալ Նահանգներում պատվաստանյութի գրանցման հայտ է ներկայացրել նաև Pfizer ընկերությունը, որի պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 94%։
Moderna ընկերությունը մի փոքր նվազեցրել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի արդյունավետության նախնական գնահատականը. դեռ նոյեմբերի 16-ին հաղորդվում էր, որ դեղամիջոցի արդյունավետությունը 94,5% է։
Ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը հայտնել է, որ Moderna-ի պատվաստանյութի մեկ չափաբաժինն արժենալու է 25-37 դոլար։
«Սա արդար գին է՝ հաշվի առնելով COVID-19-ով ծանր հիվանդի բուժման արժեքն առողջապահական համակարգի համար։ Մենք շահագրգռված չենք առավելագույն շահույթ ստանալ», - հավելել է նա։
Bloomberg գործակալության տվյալները փաստում են, որ Եվրամիությունն արդեն իսկ Moderna ընկերության պատվաստանյութի 80 միլիոն չափաբաժնի պատվեր է գրանցել, իսկ Մեծ Բրիտանիան ՝ 7 միլիոն չափաբաժնի, սակայն խոշորագույն պատվիրատուն ԱՄՆ-ն է, որը պատվաստանյութի 500 միլիոն չափաբաժին է պատվիրել։










