Ռուսաստանը ցանկանում է իր հակակորոնավիրուսային պատվաստանյութը խառնել AstraZeneca-ի պատվաստանյութի հետ. Handelsblatt-ը ներկայացրել է հավանական պատճառները
AstraZeneca ընկերության պատվաստանյութն ունի համեմատաբար թույլ արդյունավետություն, և այժմ Ռուսաստանն ընկերությանը համագործակցություն է առաջարկում, որպեսզի միաժամանակ փոխհատուցի նաև սեփական պատվաստանյութի թերությունները, գրում է գերմանական Handelsblatt պարբերականը՝ անդրադառնալով AstraZeneca-ի պատվաստանյութը ռուսական «Սպուտնիկ V»-ին խառնելու առաջարկին։
Ինչպես ընդգծում է պարբերականի լրագրող Անդրե Բալենը, առաջին հայացքից նման առաջարկը կարող է և՛ ծաղր թվալ, և՛ օգնություն։
«AstraZeneca բրիտանաշվեդական դեղագործական ընկերության պատվաստանյութն անհաջող փորձարկումներից հետո խիստ քննադատվեց, սակայն այդ ժամանակ անսպասելի առաջարկ ստացվեց Մոսկվայից. Քեմբրիջի պատվաստանյութը կարելի է կատարելագործել ռուսական «Սպուտնիկ V»-ով, առաջարկում է Ն.Ֆ.Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական ինստիտուտը», - գրում է Բալենը՝ շեշտելով, որ Գամալեյայի անվան ինստիտուտն աշխարհում առաջին հետազոտական կենտրոնն էր, որին հաջողվել էր գրանցել իր պատվաստանյութն ամռանը։
Այն ժամանակ ռուսական կողմը հիշում էր Արևմուտքի մոտ առաջացած շոկը, երբ Խորհրդային միությունն աշխարհում առաջինը արբանյակ դուրս բերեց տիեզերք՝ այդ կերպ ապացուցելով Մոսկվայի տեխնիկական գերակայությունը, ուստի հերթական շոկային հայտնագործությունը՝ կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութը, համապատասխան անվանումն ստացավ՝ «Սպուտնիկ V»։ Ընդ որում՝ այն գրանցվել էր դեռ մինչ փորձարկումների երրորդ՝ որոշիչ փուլը, որը հիմա է անցնում, նշված է հոդվածում։
«Չնայած փորձարկվողների վարակման մասին բազում հաղորդագրություններին, պաշտոնական տվյալներով՝ փորձարկումների արդյունքները բացառիկ են. եթե սկզբում խոսքը մոտ 90% արդյունավետության մասին էր, ապա Pfizer/Biontech և Moderna մրցակից ընկերությունների կողմից ավելի բարձր արդյունքների մասին հայտարարություններից հետո պատվաստանյութի ստեղծողներն սկսեցին ստատիկ ցուցանիշներում դրական փոփոխություններ գրանցել», - նշում է պարբերականը՝ շեշտելով, որ այժմ պաշտոնապես հաղորդվում է 95% արդյունավետության մասին։
Ինչպես գրում է Անդրե Բալենը, առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչու է նման պաշտոնական հաջողության ֆոնին «Սպուտնիկ V»-ն ցանկանում համագործակցել AstraZeneca-ի հետ, սակայն Գամալեյայի անվան ինստիտուտի առաջարկի մեջ կա մի ուշագրավ արտահայտություն, որը հուշում է ռուսական դեղամիջոցի հնարավոր թերության մասին։
Բանն այն է, որ, խոսելով օգնության առաջարկից, ինստիտուտը նշել է, որ «պատվաստանյութի համակցումը կարող է շատ օգտակար լինել կրկնակի պատվաստման համար»՝ այդ կերպ շեշտելով հիմնական խնդիրներից մեկը։
«Ի տարբերություն արևմտյան պատվաստանյութերի՝ «Սպուտնիկը» նախատեսված է միայն մեկանգամյա պատվաստման համար, ինչը նշանակում է, որ հակամարմինների անհետացումից հետո հնարավոր չի լինի երկրորդ անգամ պատվաստվել։ Խնդին այն է, որ ներկա պահին կլինիկական փորձարկումները ցույց չեն տվել, թե որքան է պահպանվում պատվաստանյութի ազդեցությունն ու որքան է այն պաշտպանում հիվանդներին», - բացատրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ հենց սրանով կարող է պայմանավորված լինել ռուս արտադրողների՝ միջազգային համագործակցություն սկսելու ցանկությունը։
«Երկրորդ պատճառը՝ ռուսական դեղագործական արդյունաբերության ցածր արտադրողականությունն է։ Միլիոնավոր մարդկանց շրջանում պատվաստանյութը տարածելու համար այն հարկավոր է համապատասխան քանակությամբ արտադրել, իսկ դրա համար հարկավոր են մեծ կենսառեակտորներ, որոնք Ռուսաստանում սահմանափակ են», - եզրափակում է Handelsblatt-ը։










