ԱՄՆ հետախուզությունը նախատեսում է հետազոտել Ռուսաստանի և Չինաստանի տարածքներից ստացված տեղորոշման տվյալները

12:02 • 02.12.20

Ամերիկյան ազգային աշխարհատարածքային հետախուզության գործակալությունը ծրագրում է հետազոտել Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաև Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրներից ստացված տեղորոշման տվյալները:  Ծրագրի նկարագրությունը ներկայացված է կառույցի ծառայության հանձնարարականում: Փաստաթղթի հետ ծանոթացել է ռուսական RT հեռուստաընկերությունը:

«Ազգային աշխարհատարածքային հետախուզության գործակալությունը պետք է վերահսկի և ուսումնասիրի ռադիոէլեկտրոնային միջոցների մոտավոր աշխարհագրական դիրքը և մետատվյալները` կարևոր ազդանշանների համար  գոյություն ունեցող տվյալների բազայի համաշխարհային բաժանորդագրության միջոցով, որը ծածկում է Չինաստանը, Ռուսաստանը, Կենտրոնական Ամերիկան և Հարավային Ամերիկայի հյուսիսային մասը»,- ասվում է փաստաթղթում:

Փաստաթղթից հետևում է, որ գերատեսչությունն ուղիներ է որոնում նավերի, նրանց անցած ուղիների, ինչպես նաև գտնվելու վայրերի մասին տեղեկատվությունը «հեշտությամբ» հավաքելու համար: Այս տվյալներն օգտագործվելու են անօրինական գործողությունները բացահայտելու համար, ներառյալ հետախուզական հնարավոր հարթակների առկայությունը, մաքսանենգությունը և պատժամիջոցների ռեժիմի խախտումները:

Ըստ հետախուզության մասնագետների, ստացված տեղեկատվությունը կընդլայնի նրանց հնարավորությունները ՝ ինչպես տեղերը, այնպես էլ օբյեկտները որոնելու, նկարագրելու և վերահսկելու համար:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ծրագրի նպատակն է օգտագործել առևտրային արդյունաբերության համաշխարհային տվյալները` կառույցի աշխատանքը բարելավելու նպատակով:

ԱՄՆ հետախուզությունը նախատեսում է հետազոտել Ռուսաստանի և Չինաստանի տարածքներից ստացված տեղորոշման տվյալները