Չինական տիեզերական զոնդը Լուսնի մակերևույթից երկրաբանական նմուշներ է հավաքել՝ դրանք Երկիր տեղափոխելու նպատակով

09:53 • 03.12.20

Չինական «Չանյե-5» անօդաչու կայանն ավարտել է Լուսնի մակերևույթի վերին շերտում ռեգոլիթ տեսակի գրունտի հավաքման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը` հղում տալով  Չինաստանի ազգային տիեզերական կորպորացիային:

Ինչպես նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ, դեկտեմբերի 2-ին Պեկինի ժամանակով 22:00-ին սարքի երկու մոդուլներից բաղկացած կառուցվածքը (վայրէջքային և թռիչքային), մանրախիճ հավաքելու շուրջ 19 ժամ տևած աշխատանքից հետո, «հաջողությամբ ավարտել է նմուշների փաթեթավորումը»:

Առաջիկա օրերին «Չանյե-5»-ը նախատեսում է ռեգոլիթը հասցնել Լուսնի ուղեծիր, այնուհետև` Երկիր:

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է հավաքել 2 կգ լուսնային ապար, որը կուսումնասիրեն չինացի մասնագետները`  Լուսնի վրա հետազոտական բազայի կառուցման նախագծի համար:

Եթե ամբողջ առաքելությունը հաջող անցնի, Չինաստանը կդառնա 44 տարվա ընթացքում առաջին երկիրը, որն իրականացնում է լուսնային մակերեսից երկրաբանական նմուշներ տեղափոխելու նախագիծ:

 

Չինական տիեզերական զոնդը Լուսնի մակերևույթից երկրաբանական նմուշներ է հավաքել՝ դրանք Երկիր տեղափոխելու նպատակով