Թուրքիան մտադիր է վարձկանների նոր խումբ տեղակայել Լիբիայում՝ չնայած հակամարտող կողմերի միջև հաշտության համաձայնագրին

23:10 • 06.12.20

Թուրքիան վարձկանների լրացուցիչ խումբ է ուղարկում Լիբիա՝ չնայած երկրի քաղաքացիական պատերազմում միմյանց հակառակորդ երկու խմբակցությունների միջև ձեռք բերված համաձայնությանը, որով կոչ է արվում Անկարային դուրս բերել վարձկաններին: Այս մասին հայտնում է Ahval News-ը:

Լիբիայի ազգային բանակը, որը ենթարկվում է գեներալ Խալիֆա Հաֆթարին, և Թուրքիայի ու ՄԱԿ-ի կողմից աջակցություն ստացող Ազգային համաձայնության կառավարությունը Լիբիայում իշխանության համար պայքարում են 2014 թվականից ի վեր:

Երկու կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել հոկտեմբերին Ժնևում՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ: Համաձայնագրի կետերից մեկը ենթադրում էր «բոլոր ռազմական միավորումների և զինված խմբավորումների դուրսբերում ռազմաճակատից, ինչպես նաև վարձականների և օտարերկրյա գրոհայինների հեռացում երկրից»:

Նշվում է, որ «հաշտության նիստը» երկու հակամարտող կողմերի միջև նախատեսված է անցկացնել Լիբիայի Ղադամես քաղաքում:

Այնուամենայիվ, Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը շաբաթ հայտնել է, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայից ավելի շատ վարձկանների ուղարկել Լիբիա հաջորդ շաբաթ:

Կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերին արդեն Թուրքիան 18 000 սիրիացի և 2500 թունիսցի վարձկանների էր ուղարկել Լիբիա: