Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է զետեղել և հարգանքի տուրք մատուցել Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև Ազգային ժողովի պատգամավորները:
«Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ հոգևոր դասի ներկայացուցիչները աղոթք են հնչեցրել զոհերի հոգիների հանգստության համար: Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել հավաքված գյումրեցիների հետ:
Հարգանքի տուրքի արարողությանը ներկա է եղել նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Հայաստանում 32 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:










