«Չեմ հանձնվում»․ քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հանրային կոչով

14:29 • 07.12.20

Այս դժվարին օրերին Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ շարունակում են իրականացնել ամենատարբեր ծրագրեր, նախագծեր, մասնավոր և հանրային նախաձեռնություններ՝ հանուն կյանքի շարունակականության, ազատության և հայրենի հողում խաղաղության: «Չեմ հանձնվում»-ը քաղաքացիական հասարակության հանրային կոչ է, որն այսօր պատրաստակամ է ստորագրել յուրաքանչյուրը, ով անտարբեր չէ մեր ժողովրդի ճակատագրի հանդեպ: Սա «չհանձնվողների» միախմբում է, որն ընթացիկ օրակարգում համախմբում է հայկական ողջ գործունյա աշխարհը:

«Չեմ հանձնվում» կոչին կարող է միանալ ցանկացած մարդ, ով որոշել է չհուսահատվել և գործել: Նա, ով մեծ ու փոքր քայլեր է կատարում հանուն որևէ բան ստեղծելու: Մենք՝ այդպիսիք, շատ ենք: Ամեն մեկն իր պատճառներն ունի նարոտ կրելու և բարձրաձայնելու. «Չե՛մ հանձնվում»: Դա անձնական գործուն դիրքորոշման արտահայտում է, կյանքն ընտրելու մանիֆեստ, առաջ շարժվելու կամք:                    

«Չհանձնվողներին» մյուսներից տարբերում է գործնական ընտրությունը, որի խորհրդանիշն արցախյան նարոտն է՝ սպիտակ, կարմիր, մանուշակագույն թելերի հյուսքը, որտեղ սպիտակը խորհրդանշում է անպարտելի ոգու մաքրությունը, կարմիրը՝ հաղթական կամքը, մանուշակագույնը՝ հիշողությունը, իսկ հյուսքը՝ հայ ժողովրդի միասնության խորհուրդը:  

«Չեմ հանձնվում» կոչին առաջիններից մեկը միացավ «Ես ճանաչում եմ Արցախը» (IRecoznizeArtsakh) շարժումը՝ հանուն Արցախի ազատության և անկախության: Շարժմանն արդեն միացել են հարյուրավոր մարդիկ ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի տարբեր երկրներից: Այս արշավի նպատակն է միավորվել՝ հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման: «Չհանձնվողների» ևս մեկ օրինակ դարձավ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամը, որը շարունակում է համալիր բժշկական աջակցություն ցուցաբերել հիվանդանոցներին, բժիշկներին և խնամառուներին, շարունակում է հարյուրավոր կյանքեր փրկել Հայաստանում և Արցախում:

«Կարևորը չհանձնվելն է, աշխատանքը շարունակելը, աջակցելն ու ստեղծելը. այլ կերպ հնարավոր չէ: Հենց սա է դեպի հայ ժողովրդի միասնություն և մեր Հայրենիքի հզորացում տանող միակ ճշմարիտ ճանապարհը»,- նշում է «ՎԻՎԱ» հիմնադրամի հիմնադիր Տատյանա Հովհաննեսյանը:

«Չեմ հանձնվում» քաղաքացիական կոչն առաջացել է կամավորական հենքի վրա, դրա հռչակումը կախված չէ երկրում քաղաքական համակարգի տատանումներից: Յուրաքանչյուրը կարող է միանալ կոչին: Դրա համար անհրաժեշտ է արցախյան նարոտ հյուսել և այն կրել ձեռքին՝ դրանով իսկ բարձրաձայնելով. «Չե՛մ հանձնվում»: