Թրամփը Բայդենին չի ողջունի Սպիտակ տանը և ներկա չի գտնվի նրա երդմնակալությանը՝ փոխարենն այդ օրը հանդիպելով իր աջակիցների հետ․ Axios

10:02 • 07.12.20

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության օրը` հունվարի 20-ին, ծրագրում է ուղղաթիռով լքել Սպիտակ տունը, այնուհետև Air Force One ինքնաթիռով մեկնել Ֆլորիդա՝ բաց թողնելով մայրաքաղաքում այդ օրը կայանալիք բոլոր պաշտոնական արարողությունները: Այս մասին հայտնում է Axios պորտալը:

Պորտալի աղբյուրների տվյալներով՝ Թրամփը Բայդենին չի ողջունի Սպիտակ տանը և ներկա չի գտնվի նրա երդմնակալությանը, փոխարենը Ֆլորիդայում ելույթ կունենա իր կողմնակիցների առջև, որտեղ նա կհայտարարի 2024 թվականին նախագահական ընտրություններին կրկին մասնակցելու մասին։

Հրատարակությունը կարծում է, որ Թրամփը, լինելով «նախկին հեռուստաաստղ», մտադիր է այդպիսով հանրության ուշադրությունը շեղել Վաշինգտոնում ընթացող նոր նախագահի երդմնակալության արարողությունից։

Նշվում է, որ Սպիտակ տանը Թրամփի ծրագրերի մասին Axios-ի տեղեկատվությունը պաշտոնապես չեն հաստատել։

Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան  լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ:

Գործող նախագահ Թրամփը չի ընդունում պարտությունը և հայտարարում է ընտրողների ձայների վերահաշվարկ անցկացնելու պահանջով դատարաններ դիմելու մտադրության մասին, քանի որ, նրա կարծիքով, ընտրություններում դեմոկրատների կողմից բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել: