«Զոմբին խոսեց». Վենեսուելայի ԱԳ նախարարը՝ երկրում ընտրությունների մասին ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հայտարարությանը

04:00 • 07.12.20

Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին զոմբի է անվանել՝ պատասխանելով վերջինիս  հայտարարությանը, որը վերաբերում էր կիրակի Վենեսուելայում անցկացված խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Արեասան ընդգծել է, որ երկրում ԱՄՆ քաղաքականությունը անհաջողության է մատնվել:

«Զոմբին խոսեց: Չնայած, ինչպես հայտարարել է նրա ղեկավարը (խմբ.՝ Դոնալդ Թրամփը), ընտրակեղծիքներ տեղի են ունեցել ԱՄՆ ընտրություններում: Պետքարտուղար Պոմպեո, ճշմարտությունը հանգիստ և խոնարհաբար ընդունեք. Վենեսուելայում դուք լիակատար ձախողում եք ունեցել: Հույս ունենք, որ շատ շուտով դիվանագիտությունը կվերադառնա պետդեպարտամենտ և Սպիտակ տուն»,- գրել է Վենեսուելայի ԱԳՆ-ն՝ թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր այն մասին, որ Վենեսուելայի Ազգային ասամբլեայի պատգամավորների ընտրությունների արդյունքները չեն արտացոլի ժողովրդի կամքը, քանի որ քվեարկության ընթացքում, համաձայն իր պնդումների, թույլ են տրվել կեղծիքներ: