Բայդենի օրոք Պենտագոնի ղեկավարի պաշտոնում կարող է նշանակվել առաջին աֆրոամերիկացին. Politico
Նախնական տվյալների համաձայն՝ ԱՄՆ նախագահ ընտրված դեմոկրատ Ջո Բայդենը որոշել է պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինին առաջադրել երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
2013-2016 թվականներին Օսթինը գլխավորել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Եթե Օսթինին առաջադրվի և հետագայում ԱՄՆ Սենատը հաստատի նրա թեկնածությունը, ապա վերջինս կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջին աֆրոամերիկացին:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Բայդենը մտադիր է իր ապագա վարչակազմում պաշտպանության նախարարի թեկնածուի անունը հայտարարել դեկտեմբերի 11-ին: Բացի այդ, նշվում է, որ այս շաբաթ Բայդենը կարող է հայտարարել արդարադատության նախարարի, ԱՄՆ գլխավոր դատախազի թեկնածուների անունները։
Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ: Գործող նախագահ Թրամփը չի ընդունում պարտությունը և հայտարարում է ընտրողների ձայների վերահաշվարկ անցկացնելու պահանջով դատարաններ դիմելու մտադրության մասին, քանի որ, նրա կարծիքով, ընտրություններում դեմոկրատների կողմից բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել:










