Իրանում հայտնել են, որ ձերբակալություններ են տեղի ունեցել երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության գործով
Իրանում մի քանի մարդու են ձերբակալել, որոնք առնչություն ունեն ֆիզիկոս-միջուկայնագետ և երկրի պաշտպանության փոխնախարար Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակի՝ միջազգային հարցերով օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Սպանության իրականացմանը մասնակցություն ցուցաբերած անձինք, որոնց մի մասի ինքնությունը պարզել և ձերբակալել են մեր անվտանգության ծառայությունները, չեն խուսափի արդարադատությունից»,- ասել է Աբդոլլահիանը Al-Alam հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն, որը ղեկավարում էր Իրանի ՊՆ-ին կից հետազոտությունների և նորարարությունների կենտրոնը, սպանվել է նոյեմբերի 27-ին Թեհրանում: Իրանական հատուկ ծառայությունները փաստում են, որ սպանության ժամանակ օգտագործվել է արբանյակային կառավարման միջոց և արհեստական բանականություն:
Ըստ իրանական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ գիտնականի ուղղությամբ կրակել են 150 մետր հեռավորությունից՝ ավտոմեքենայում տեղադրված զենքից, որը հեռավար է կառավարվել:










