Մեզ ասացին՝ մեր տղաները վրիպակի արդյունքում են անհետ կորել, մառախուղ է եղել, սխալ ուղղությամբ են տարել, հոկտեմբերի 21-ին ի՞նչ մառախուղ. անհետ կորածների հարազատները ՊՆ-ի մոտ էին (տեսանյութ)
Անհետ կորած զինվորների հարազատներն առավոտվանից պաշտպանության նախարարության մոտ են, նրանք սպասում են ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարին, ով պետք է այսօր գա ՊՆ:
«Առավոտվանից այստեղ ենք, մեզ ներս հրավիրեցին, դահլիճում ելույթ ունեցավ գեներալ Անդրանիկ Մակարյանը, մեզ հավաստիացրեց, որ գալու է ռուսական խաղաղապահների գեներալ Մուրադովը և պետք է մեր հարցերն ուղղենք իրեն, մենք էլ սպասում ենք, չգիտենք՝ ինչքան պետք է սպասենք, բայց սպասում ենք, որովհետև մեզ ուրիշ ոչինչ չի մնացել»,- ասաց անհետ կորած զինվորի հարազատներից մեկը:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ հավելեց, որ Անդրանիկ Մակարյան նա ասել է, թե Մուրադովին կզեկուցի, որ այստեղ սպասում են ծնողները, նաև հավելել է, թե մինչև գիշերվա ժամը մեկը պետք է սպասեն, իրենք էլ նշել են՝ կսպասեն:
Մեկ այլ ծնող էլ հավելեց, որ իրենց ասել են վրիպման պատճառով են ՄՈԲ-ի 40 զինվոր անհետ կորած համարվում: «Անդրանիկ Մակարյան կոչեցյալը ասում է ինչ-որ վրիպման պատճառով է, վրիպում է եղել, սխալ տեղ են ուղեկցել: Վրիպակ մենք կարող ենք ունենալ, ոչ թե պատերազմում գեներալ-լեյտենանտը այն դեպքում, երբ 40 հոգու կյանքի հետ գործ ունեն: Նա ասել է՝ մառախուղ էր, չկարողացանք գնալ տղաներին օգնության: Հոկտեմբերի 21-ին արդյոք մառախո՞ւղ էր, թեկուզ և մառախուղ էր, պարտավոր էին օգնություն ցույց տալ»,- ասացին անհետ կորածների հարազատները:
«Մեր տեղեկություններով դիրքն արդեն գրավված է եղել, մեր 40 հոգանոց անձնակազմը եղել է մեկ հատվածում ու իրենց եկել են օգնության մյուս հատվածից, իսկ ոմն Անդրանիկ Մարգարյան, երբ տեսել է կրակոցները շատ են, հրամայել է նահանջ, այսինքն՝ թողեք, թող կոտորեն, իսկ այսօր փորձեց մեզ պատմել, թե ոնց է եղել, մեզ դա հետաքրքիր չէ, քանի որ մենք իրականությունը գիտենք»,- հավելեց նրանցից մեկը:
Անհետ կորածների հարազատները նշեցին, թե դիմել են տարբեր տեղեր, ընդհուպ մինչև Կարմիր խաչ. «Ոչ մեկ ոչ մի բան չի ասում, օգնություն չի ցույց տալիս մեր երեխեքի որոնողական աշխատանքներին»,- նշեցին հարազատները և հավելեցին, որ իրենք գիտեն Մուրադովն այստեղ է արդեն, ինչքան պետք լինի կսպասեն, որ իրենց հարցերը նրան ուղղեն:










