«Միկրոալիքային հարձակումներ». ԱՄՆ-ում հայտնել են արտերկրում ամերիկացի դիվանագետներին ու լրտեսներին ախտահարած խորհրդավոր հիվանդության պատճառը. The New York Times

17:53 • 08.12.20

Վերջին տարիներն արտերկրում աշխատող ամերիկացի դիվանագետների ու լրտեսների խորհրդավոր հիվանդությունների առավել հավանական պատճառը ռադիոհաճախականության էներգիան է՝ ճառագայթման տեսակ, որը ներառում է նաև միկրոալիքները:

Ինչպես գրում է The New York Times-ը, նման եզրահանգման են եկել գիտությունների, ինժեներիայի և բժշկական ազգային ակադեմիաները, որոնց հետազոտությունների արդյունքները ներկայացված են հրապարակված զեկույցում:

Պարբերականի փոխանցմամբ՝ բժշկության և այլ ոլորտների 19 փորձագետների եզրակացության մեջ ասվում է, որ այդ էներգիան առավել հավանական մեխանիզմն է, որով կարող է բացատրվել այն հիվանդությունը, որը հայտնի է որպես «Հավանայի համախտանիշ»: Միևնույն ժամանակ, փորձագետները չեն բացառել նաև այլ հնարավոր պատճառները, ինչպես նաև երկրորդային գործոնները, որոնք կարող էին ազդել ախտանշանների վրա:

«ԱՄՆ պետդեպարտամենտի պատվերով կազմված զեկույցում ամենասպառիչ բացատրությունն է տրվում այն հիվանդությանը, որը բազմաթիվ պետական պաշտոնյաների է ախտահարել նախ 2016 թվականին Հավանայում ԱՄՆ դեսպանատանը, ապա նաև Չինաստանում ու այլ երկրներում: Շատ աշխատակիցների մոտ գլխապտույտներ, հոգնածություն, գլխացավեր, լսողության, հիշողության ու հավասարակշռության կորուստ էր նկատվում, իսկ ոմանք անգամ ստիպված եղան ընդմիշտ դուրս գալ աշխատանքից», - գրում է թերթը՝ հավելելով, որ նման ախտանշաններ էին նկատվում նաև ԿՀՎ-ի այն աշխատակիցների մոտ, որոնք այցելել են արտերկրյա նստավայրեր:

Ըստ պարբերականի՝ նոր զեկույզը պարունակում է համոզիչ ապացույցներ այն բանի, որ այդ միջադեպերը մտածված հարձակման արդյունք են, իսկ էներգիան նպատակաուղղված է կիրառվել տուժածների դեմ, այլ չի եղել միկրոալիքային էներգիայի տարածված աղբյուրների ազդեցության արդյունք: Կոմիտեն դիտարկել է նաև հնարավոր այլ պատճառները, այդ թվում նաև քիմիական ներգործությունն ու վարակիչ հիվանդությունները, սակայն եկել է այն եզրահանգման, որ դրանք քիչ հավանական են,

Գիտնականները չեն բացառել նաև հոգեբանական ու սոցիալական գործոնների հնարավոր ազդեցությունը, քանի որ տուժածներից շատերի մոտ նյարդային համակարգի խանգարմանը բնորոշ ախտանշաններ, այդ թվում՝ երկարատև գլխապտույտի կամ հավասարակշռության կորստի զգացողություն էր նկատվում:

Այս միջադեպերը բազմաթիվ շահարկումների ու վեճերի առիթ դարձան: Տուժածներից շատերը, ինչպես նաև որոշ պետական պաշտոնյաներ և գիտնականներ վաղուց պնդում էին, որ ամենահավանական պատճառը ռադիոհաճախականության էներգիան է, սակայն չի բացառվում նաև զենքի գործածությունն օտարերկրյա գերտերության կողմից: Սակայն 2018 թվականից սկսած ԱՄՆ կառավարությունը դադարեց հրապարակայնորեն քննարկել այդ դեպքերը, իսկ գիտնականներն սկսեցին այլընտրանքային տեսություններ առաջ քաշել:

Այս ամենի ֆոնին տուժածներից շատերն սկսեցին գանգատվել, որ ԱՄՆ-ն չի աջակցել իրենց՝ որոշ դեպքերում չտրամադրելով անգամ հանգիստ կամ անհրաժեշտ բուժօգնություն, «իսկ քանի որ կառավարությունը լռում էր հնարավոր օտարերկրյա հարձակման մասին, տուժածներից շատերի մոտ ստեղծվեց տպավորություն, թե հանրությունը կարծում է՝ իրենք այս ամենը պարզապես հորինել են», գրում է The New York Times-ը:

Գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար օտարերկրյա հարձակման փաստը ընդունելը կարող է դառնալ Չինաստանից ամերիկյան առաքելության տարհանման պատճառ, ինչը կհանգեցնի կարևոր տնտեսական հարաբերությունների խաթարման:

Կուբայի դեպքում վարչակազմն ավելի կոշտ քաղաքականություն որդեգրեց, քանի որ ցանկանում էր զրոյացնել Հավանայի հետ՝ նախագահ Բարաք Օբամայի հաստատած հարաբերությունները, գրում է պարբերականը՝ հավելելով, որ այս խնդրին Մոսկվայի ներգրավվածության հարցը բավական սուր է, ինչը պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի նկատմամբ Թրամփի վերաբերմունքով: Մոսկվան հերքում է իր դերը, իսկ ԿՀՎ-ի տնօրեն Ջինա Հասփելը նշում է, որ հարձակումների պատասխանատուն Կրեմլը չէ, սակայն ԿՀՎ-ի որոշ վերլուծաբաններ, դիվանագետներ ու գիտնականներ շարունակում են պնդել, որ ունեն Մոսկվայի ներգրավվածությունը փաստող ապացույցներ:

Զեկույզում մեղավորներ չեն նշվում, սակայն հիշատակվում են Ռուսաստանում ու ԽՍՀՄ-ում իմպուլսային ռադիոհաճախականության տեխնոլոգիաների, ինչպես նաև Եվրասիայի խորհրդային հանրապետություններում զինծառայողների վրա միկրոալիքային ճառագայթման ազդեցության վերաբերյալ անցկացված լուրջ հետազոտությունները: Նշվում է, որ 1970-ական և 80-ական թվականներին խորհրդային իշխանությունները միկրոալիքային հարձակումների էին ենթարկում Մոսկվայում ամերիկյան դեսպանատունը, գրում է պարբերականը և հավելում, որ զեկույզի հեղինակները նախազգուշացրել են հետագայում ԱՄՆ կառավարության՝ նման հարձակումները հայտնաբերելու կարողության և պատասխան միջոցներ կիրառելու պատրաստակամության մասին, քանի որ այն փաստը, որ ամերիկացի պետպաշտոնյաների մոտ ինքնազգացողության վատթարացման դեպքեր են գրանցվել ոչ միայն Կուբայում և Չինաստանում, այլև Ռուսաստանում ու այլ երկրներում, խոսում է այն մասին, թե ինչ լայն տարածում ունեն նման միջադեպերը:

«Միկրոալիքային հարձակումներ». ԱՄՆ-ում հայտնել են արտերկրում ամերիկացի դիվանագետներին ու լրտեսներին ախտահարած խորհրդավոր հիվանդության պատճառը. The New York Times