Հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հրատապ թեմայով քննարկումը փակ նիստով կանցկացնի
Ազգային ժողովն ընդունեց հասարակական հետաքրքրություն ներկայացնող հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հրատապ թեմայով քննարկումը փակ նիստով անցկացնելու մասին ԱԺ որոշում ընդունելու մասին հարցը:
Որոշմանը կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ավելի վաղ նշել էր, որ ռազմագերիների անվտանգությունից և գործընթացը չխաթարելու տեսանկյունից ելնելով՝ «իմ քայլը» խմբակցության պատգամավորները գրությամբ դիմել են ԱԺ նախագահին, որ քննարկումն անցկացվի փակ:
Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ իրենք նախաձեռնել են ռազմագերիների հարցով քննարկում, ինչպես նաև վերջում ուղերձի քննարկում, և ուղերձը քաղաքական նկատառում, շահարկում որևէ բան չունի: «Երեկ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել այս քննարկումը, ԱԺ խորհրդի նիստում պարզվել է, որ չեն կարող տապալել և երբ որ հասկացել են, որ անհնարին է տապալել, որոշում է ընդունվել փակ անել: Մենք գտնում ենք, որ փակ անելն անիմաստ է»,-ասաց նա և նշեց, որ իր գործընկերներին կոչ է անում ձեռնպահ մնալ այդ քննարկումը փակ անելուց և վստահություն հայտնեց, որ այդ քննարկմանը չի վտանգվի ռազմագերիներին:










