Անհետ կորած զինծառայողների ծնողներն Էջմիածնի զորամասի մոտից մեկնեցին ՊՆ, որտեղ խոստացել են հանդիպում Օնիկ Գասպարյանի և ԳՇ պետի տեղակալի հետ (տեսանյութ)

10:35 • 08.12.20

Անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց։ Նրանք պահանաջում են որևէ լուր հայտնել իրենց որդիների մասին։

Անհետ կորած զինծառայողների ծնողները փորձում են մտնել զորամասի տարածք: Նշեցին, որ հանդիպում պետք է տեղի ունենա, սակայն լրագրողների մուտքն արգելվում է: Ծնողներն էլ պնդում են, որ շատ են խոստումներ լսել, և դրանք չեն կատարվել, ինչի համար էլ ցանկանում են, որ հանդիպումը լրագրողների ներկայությամբ լինի:

Զորամասի սպաներից մեկը ասաց, որ կգնա ՊՆ ու կներկայացնի պահանջը: Իսկ ծնողները նշեցին, որ իրենց «տունքանդողները» հենց այդ սպաներն են, քանի որ նրանց հրամանն են կատարել, և արդեն 50 օր է՝ տղաները չկան:

Նշենք, որ քաշքշուք տեղի ունեցավ սպայի և ծնողների միջև: Ակցիայի մասնակիցների մի մասը ներխուժեց զորամաս, սակայն ոստիկանները մի մասին դուրս բերեցին տարածքից:

Ծնողները հրամանատարից պահանջում էին զանգահարել ՊՆ՝ հասկանալու, թե որոնողական աշխատանքները երբ են սկսվելու, հրամանատարը խոստացավ զանգահարել:

Ծնողները նշեցին, որ այս հրամանատարը կատարել է գեներալի հրամանը և զինծառայողներին վտանգավոր սահմանով է տարել դիրքեր:

«Հենց նոր բոլոր գեներալներին հրամայեցի՝ եթե 15 րոպեից այստեղ չեղան Անդրանիկ Մակարյանը, Վարդան Նշանյանը, Օնիկ Գասպարյանը, մենք անելու ենք այն, ինչը մենք պետք է անենք: Ես թքած ունեմ Արսեն Աբգարյանի զեկույցի վրա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո նրանք բողոքի ակցիաներ էին անում Պաշտպանության նախարարության շենքի, Կառավարության շենքի դիմաց։ Նրանցից մի քանիսին ընդունել է Նիկոլ Փաշինյանը։ Ծնողները վերջերս ՊՆ-ում հանդիպում էին ունեցել, երի ժամանակ նրանց հորդորել էին մի քանի օր ակցիա չանել և սպասել պատասխանի։