ԱՄՆ-ում մահացել է առաջին անգամ ձայնի արագությունը գերազանցած օդաչուն

11:58 • 08.12.20

ԱՄՆ-ում 97 տարեկանում մահացել է օդաչու Չակ Յեգերը, որն առաջին անգամ գերազանցել է ձայնի արագությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով օդաչուի կնոջը:

«Խորը տխրությամբ ասում եմ, որ իմ կյանքի սերը, գեներալ Չակ Յեգերը կյանքից հեռացել է: Նա աներևակայելի լավ կյանք է ապրել, ԱՄՆ-ի մեծագույն օդաչուն էր, նրա ժառանգությունը` ուժ, արկածների ծարավ և հայրենասիրություն, ընդմիշտ կմնան հիշողություններ մեջ»,-ասված է Յեգերի կնոջ` Վիկտորիայի հաղորդագրության մեջ:

Օդաչուի մահվան պատճառները չեն հաղորդվում:

Չակ Յեգերը ծնվել է ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգում 1923 թվականին, երիտասարդ տարիքում դարձել է ավտոմեխանիկ, իսկ 1941-ին միացել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին: Նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, խոցել տասնյակից ավելի թշնամու ինքնաթիռներ: 1947 թվականին Bell X-1 փորձարարական ինքնաթիռի 24-ամյա կապիտանն առաջին անգամ գերազանցել է ձայնային պատնեշը ՝ թռչելով Կալիֆոռնիայի Մոջավե անապատում: