Արցախցիներին օժանդակության գործընթացը կլիներ ավելի արդյունավետ, եթե Արցախ-Հայաստան-Ռուսաստան եռակողմ աշխատանք իրականացվեր. փորձագետ  (տեսանյութ)

15:16 • 09.12.20

Արցախցիներին տրամադրվող օժանդակության ծրագրերում առաջանում են այնպիսի հարցեր, որոնք կարող էին չլինել՝ դրանց թվում բազմաթիվ տեխնիկական, կազմակերպչական, հասցեականության հետ կապված:  Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. տնտեսություն» հատվածում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

«Մարդիկ, ովքեր կորցրել են իրենց բնակության վայրը՝ կորցնելով միաժամանակ տնտեսական շահերի կենտրոնը, որտեղ աշխատում էին, եկամուտ էին վաստակում, ստանում են 300 հազար դրամ միանվագ օժանդակություն, և բնակարանների վարձակալության  համար որոշակի փոխհատուցում: Ի՞նչ պետք է անի անձն այդ գումարով, երբ հաճախ մարդիկ ուղղակիորեն չեն հասցրել անգամ իրենց հագուստը վերցնել»:  Ամիրխանյանը նշել է, որ այստեղ օբյեկտիվորեն կա հարցը, որ պատերազմ անցած, տնտեսական հզորություններ կորցրած երկրի մասին է խոսքը, բայց նա կարևորել է նաև այդ խնդիրը լուծելուն անհրաժեշտ աշխատանքի իրականացումը.

«Նախ անհրաժեշտ էր իրականացնել առաջնային, երկրորդային կարիքների հստակ գնահատում: Պատերազմի ավարտի առաջին օրերին արցախցիներին ակտիվ հետ էին կանչում և միայն պրոցեսի ընթացքում, երբ հասկացան, որ ավտոբուսներից իջնելուց հետո այդ մարդկանց բնակեցնելու խնդիր կա, կանգնեցրեցին ներքհոսքը: Կարելի՞ էր նախապես գնահատել առկա հնարավորությունները, հետո նոր մտնել գործընթացի մեջ: Արդյո՞ք ավելի արդյունավետ չէր լինի ողջ գործընթացը, եթե Արցախ-Հայաստան-Ռուսաստան եռակողմ ձևաչափով աշխատանք տարվեր՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ռուս խաղաղապահներն այդ թվում իրականացնում են սոցիալական և հումանիտար ծրագրեր»:

Փորձագետը նշել է, որ Արցախի պետական մարմինների կողմից գնահատված կարիքների ցանկով եռակողմ աշխատանքի արդյունքում կարելի է հասկանալ՝ որ կողմն ինչն է հանձնառում իրականացնել, ինչն է մնում իրեն անելու:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև սպառողական գների աճին: Լիլիա Ամիրխանյանը նշել է, որ ներկայիս գնաճի պատճառները շատ են ու բազմագործոն և պայմանավորված չեն բացառապես պատերազմով. «Գների աճի և նաև դրա համար պատճառ հանդիսացող դրամի արժեզրկման պատճառները ավելի վաղ շրջանից են առաջացել: Դրանցից են կորոնավիրուսի տնտեսական հետևանքները, դրա արդյունքում նաև արտագնա աշխատողների՝ իրենց աշխատանքի վերադառնալու հնարավորության բացակայությունը,  նախորդ երկուսուկես տարիների ընթացքում գիտակցված, թե չգիտակցված քաղաքականությունը, որի արդյունքում ունեցանք մեծ հարված ներդրումային գրավչությանը ու որպես հետևանք, հենց ներդրումների անկում»:

Ըստ նրա, այս և այլ օբյեկտիվ գործոններ, որոնց գումարվեց նաև պատերազմից հետո սպառողի վարքագիծը, առաջացրեցին արտարժույթի դեֆիցիտ, ինչի արդյունքում դրամն արժևորվեց, ապրանքների ձեռքբերման գները թանկացան, ուստի թանկացան նաև սպառողական ապրանքների գները:

Մանրամասները՝ տեսանյութում: