Ոչ թե Ադրբեջանն էր մեզանից պահանջում այդ տարածքները, այլ ամբողջ աշխարհն էր պահանջում, ՄԱԿ-ի կոնվենցիայով էլ է այդպես. «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր

15:57 • 09.12.20

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, ով դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով լրագրողի հարցին, թե երեկ հայտնի դարձավ, որ Ձեր մանդատը վայր եք դնելու գործադիրում աշխատանքի անցնելու համար, հայտնի՞ է՝ ինչ պաշտոն եք զբաղեցնելու, պատասխանեց, որ հարցը դեռևս քննարկման փուլում է, ավելացնելով, որ չի բացառում, որ հնարավոր է մարզպետ նշանակվի:

«Առաջարկը եղել է քաղաքական թիմի կողմից: 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութւյան անդամ  եմ և թիմը որտեղ որ որոշի՝ կլինեմ այնտեղ, եթե կորոշի, որ գործադիրում պետք է լինեմ, կլինեմ գործադիրում, կորոշի՝օրենսդիրում ՝ կլինեմ այնտեղ»,- ասաց նա:

Լրագրողը հետաքրքրվեց՝ նոյեմբերի 10 ից հետո շատերը մանդատը վայր դրեցին արդյոք ինքը այդ մասին մտածել է, շրջապատում չե՞ն առաջարկում լքել պարտություն կրած թիմին, Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ, չեմ պատրաստվում լքել մեր քաղաքական թիմը, այս պահին չեմ գտնում ճիշտ և ովքեր լքել են թիմը՝ դա ինձ համար անընդունելի է: Մենք միասին ենք եկել և բոլոր խնդիրները պետք է միասին լուծենք, անընդունելի է, երբ դժվար պայմաններում թիմը լքում են»:

Հարցին՝ երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ սկսելու է զրոյական կետից, ինչու դիվանագիտական ճակատում չհաջողվեց, Արամ Խաչատրյանը պատասխանեց.  

«Դիվանագիտական ճակատում և ռազմական գործողությունների ժամանակ արվել է գրեթե անհնարինը և ոչ թե Ադրբեջանն էր մեզանից պահանջում այդ տարածքները, այլ ամբողջ աշխարհն էր պահանջում և ՄԱԿ-ի կոնվենցիայով էլ էր այդպես, իսկ որ վարչապետը իր զրոյական կետից էր ուզում սկսել, այո, այդպես է, բայց հակառակորդը զգաց, որ ժամանակը իր օգտին չի գնում և սանձազերծեցին այս պատերազմը»:

Հարցին, թե Փաշինյանը պե՞տք է արդյոք շարունակի պաշտոնավարվել, թիմի ներսում քննարկվում է այլ անձի անուն, Խաչատրյանը նշեց, որ իր կարծիքով Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարումը, քանի որ շփվելով մարդկանց հետ տեսնում է, թե մարդիկ ինչպես են իրեն ընդունում: