«Այսօրվանից թույլ չենք տալու քաղաքապետին մտնել քաղաքապետարանի շենք». քաղաքացիները փակել են Արարատի քաղաքապետարանի շենքի մուտքը (տեսանյութ)
Քաղաքացիներն այսօր՝ դեկտեմբերի 9-ի առավոտյան փակել են Արարատի քաղաքապետարանի շենքի մուտքը, որպեսզի քաղաքապետը չկարողանա մտնել շենք:
«Այն քաղաքապետը, որը երեկ չսգաց և չմասնակցեց մեր քաղաքի հերոսի թաղմանը, մասնակցեց Զոդի կամրջի փակման արարողությանը և այսօր հիվանդ պարկած է:
Մեր ոչ լեգիտիմ չքաղաքապետը թող շուտափույթ առողջանա, վերադառնա աշխատանքի, աշխատավայրի մուտքի դիմաց հարցեր ունի պատասխանելու»,- ասաց քաղաքացիներից մեկը և հավելեց, որ այսօրվանից թույլ չեն տալու քաղաքապետին մտնել քաղաքապետարանի շենք:
Նշենք, որ երեկ՝ ժամը 12–ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Երևանի տարբեր հատվածներում։ Նշենք, որ այսօր՝ ժամը 16։00-ին, ԱԺ–ի մոտ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաք են անելու։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։










