«Միջազգային հանրությունն անտարբեր մնաց այն փաստի հանդեպ, որ հայ ժողովրդի դեմ Ցեղասպանություն գործած երկիրը կրկին հարձակվում է նրա վրա»․ Ekathimerini

11:48 • 09.12.20

Հայտնի է, որ 1930-ական թվականների վերջին գերմանացիների 45 տոկոսը նացիստական կուսակցության կամ կազմակերպությունների անդամներ էին։ Այնուամենայնիվ, 1970-1980-ականներին երիտասարդ գերմանացիներից ոչ ոք չէր խոստովանում, որ իրենց ընտանիքները մասնակից են եղել գերմանական պատմության ողբերգական էջին՝ Հոլոքոստին։ Մեծամասնության խոսքով՝ նրանց պապերը, գերմանական բանակում ծառայել են կրտսեր կոչումով և չեն եղել ֆաշիստներ։ Պատճառը հավաքական մեղքի զգացումն էր, որն առկա էր հետպատերազմյան Գերմանիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմական հիշողությունը կենդանի է նաև այսօր։

Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության անդամ և միջազգային իրավունքի և արտաքին քաղաքականության պրոֆեսոր Անգելոս Սիրիգոսը Ekathimerini-ում հրապարակված հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցությունը հիշեցում է ազգերի և ժողովուրդների համար պատմական հիշողության կարևորության մասին։

«Եթե Գերմանիան զիներ կամ Իրանին ուղարկեր Իսրայելի վրա հարձակվելու, ամբողջ աշխարհը գլուխ կբարձրացներ։ Մինչդեռ միջազգային հանրությունն անտարբեր մնաց այն փաստի հանդեպ, որ հայ ժողովրդի դեմ Ցեղասպանություն գործած երկիրը կրկին հարձակվում է նրա վրա»,- գրում է Սիրիգոսը։

Նրա խոսքով՝ այսօր հենց նույն միջազգային հանրության լռության հետևանքով է, որ թուրքական թերթերը (օրինակ՝ Yeni Akit-ը, որը սերտորեն կապված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ) Լեռնային Ղարաբաղի պատերազմի շուրջ անթույլատրելի վերնագրերով, օրինակ՝ «Անհավատներին ասեք, որ Մուհամեդի բանակը վերադառնում է», հոդվածներ են գրում և պատասխանատվության չեն ենթարկվում դրանց համար։

Եվ ի՞նչ համատեքստում է այս ամենը տեղի ունենում: Մինչ Black Lives Matter շարժումը պահանջում է ստրուկների առուվաճառքի և գաղութատիրության տեսանկյունից վերանայել ժամանակակից արևմտյան պատմությունը, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է, որ «եթե մենք ամբողջովին չընդունենք, չհարգենք անցյալը և մեր երեխաներին չուսուցանենք ցեղասպանության մասին, «այլևս երբեք» բառերը կկորցնեն իրենց իմաստը։ Ինչո՞ւ է կարևոր հիշել։ Քանի որ դա կարող է օգնել կանխել կրկնությունը։ Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կարևոր է, դա ոչ թե ձևականություն է, այլ զոհերի հիշատակի հանդեպ հարգանք, գրում է հույն գործիչը։

Թուրքիայի կորցրած պատմական հիշողության հարցը երկրորդական չէ, դա չի կարելի անտեսել, քանի որ հենց դա է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմին Թուրքիայի մասնակցության պատճառը, գրում է նա՝ ընդգծելով, որ շատ երկրներ Թուրքիային հանդուրժում են իր ռազմավարական դիրքի պատճառով:

Գերմանիան, ցավոք, այդ երկրների թվում է։ Չնայած այն բանին, որ նա Եվրամիության ամենահզոր երկիրն է, իր վեցամսյա նախագահության ընթացքում դաշինքի արտաքին քաղաքական ճակատում տապալվել է։ Այդ ընթացքում Թուրքիան ուժեղացրել է լարվածությունն Էգեյան ծովում և կարողացել է փոխել Կովկասում ուժերի հավասարակշռությունը։

Իր սեփական անցյալի պատճառով Գերմանիան միակ երկիրն է, որը չի կարող իրեն թույլ տալ անտեսել ուրիշների կողմից մինչ օրս իրականացվող ցեղասպանությունները։ Այդ երկիրը շատ ավելի մեծ պատասխանատվություն է կրում միջազգային հարաբերությունները պատմական հիշողության տեսանկյունից դիտարկելու համար։ Սեփական հանցագործությունների ճանաչումը չի ջնջում իր պարտքը Եվրոպայի կամ մարդկության հանդեպ, հավելում է Սիրիգոսը։