Ֆրանսիական խոշոր ռադիոկայանը «քրիստոնյա» բառի պատճառով հրաժարվել է պատվիրատուի գովազդից

14:22 • 09.12.20

Ֆրանսիայում խոսքի ազատությունը, որի մասին նախագահ Էմանուել Մակրոնն այդքան շատ խոսում էր Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարների շուրջ հայտնի իրադարձություններից հետո, հանկարծ լուրջ ճաքեր է տվել: Հայտնի է դարձել, որ France Inter խոշոր ռադիոկայանի ղեկավարությունը որոշում է կայացրել չհրապարակել գովազդային նյութեր, որտեղ օգտագործվում է «քրիստոնյա» բառը: Այս մասին տեղեկացնում է politobzor.net կայքը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ L'Oeuvre d'Orient հասարակական կազմակերպությունը որոշել է նշված ռադիոկայանին պատվիրել իր ծրագրի գովազդը՝ Մերձավոր Արևելքում և Ասիայի այլ երկրներում բնակվող քրիստոնյաներին տարբեր տեսակի օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Ռադիոկայանի ղեկավարության հայտարարությունը, որն արգելում է «քրիստոնյա» բառի օգտագործումը, այժմ ակտիվորեն քննարկվում է բուն Ֆրանսիայում և այլ երկրներում: Այդ հայտարարությունը հնչել է հետևյալ կերպ. «France Inter-ի համար գովազդը, որն օգտագործում է «քրիստոնյա» և «քրիստոնեություն» բառերը, խախտում է կայանի աշխարհիկ բնույթը»:

Լրատվամիջոցի ղեկավարությունը, դիմելով հաճախորդին, ասել է, որ իրենք պատրաստ են գովազդային աուդիոհոլովակը հրապարակել, եթե «Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին օգնել»-ու փոխարեն հնչի «Մերձավոր Արևելքում բնակիչներին օգնել» արտահայտությունը:

Ոչ առևտրային կազմակերպությունը մերժել է ֆրանսիական ռադիոկայանի խմբագրական խորհրդի այս առաջարկը: Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ ռադիոկայանը խախտել է մի քանի օրենքներ, այդ թվում `գովազդի մասին և խոսքի ազատության մասին օրենքները: