«Հրապարակ»․ Լուրեր են շրջանառվում, որ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեններից մեկը խաղադրույքներ է կատարել հիվանդանոցի դրամարկղից և 1 մլրդ դրամից ավելի տանուլ տվել
«Բժշկական շրջանակներում քանի օր է՝ սկանդալային լուր է շրջանառվում, թե «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեններից մեկը «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում խաղադրույքներ է կատարել՝ օգտվելով հիվանդանոցի դրամարկղից, և մեծ գումարներ է տանուլ տվել՝ 1 մլրդ դրամից ավելի:
Արդյունքում հիվանդանոցի աշխատողները չեն կարողանում աշխատավարձ ստանալ: Այժմ ԱԱԾ-ում գործ է քննվում: ԱԱԾ-ից ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին նշված լուրը: Առողջապահության նախարարի խոսնակը ևս չմեկնաբանեց:
«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակն ասաց, թե նշված անձը բարեխղճորեն գալիս է աշխատանքի, պարտաճանաչ կատարում իր ծառայողական պարտականությունները, համենայնդեպս, կոլեկտիվին «Տոտոյում» տանուլ տված գումարների մասին ոչինչ հայտնի չէ:
«Չեմ պատկերացնում, որ նա կարողանա նման բան արած լինել»,- ասաց Ծովինար Խաչատրյանը և ավելացրեց, որ իր աշխատավարձն արդեն ստացել է: Առողջապահության նախարարությունից նույնպես տանուլ տված միլիարդի մասին տեղեկությունը հերքեցին:
Բայց համակարգում լուրը բուռն քննարկում են և պնդում, որ այն համապատասխանում է իրականությանը, և շուտով դրա «ձայնը կլսվի»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:










