Աշխատավարձի վերանայում կարելի է հետագայում անել, եթե համոզված լինենք, որ կառավարման համակարգի դանդաղաշարժ լինելու խնդիրը լուծված է. ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին

13:17 • 09.12.20

Օրենքով սահմանված է, որ քաղաքացիական ծառայողների համար յուրաքանչյուր տարի պետք է նախատեսվի 10 տոկոս պարգևատրման ֆոնդ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով պարգևատրումներին:

«Վերջին երկու տարվա ընթացքում այն, ինչ նախկինում՝ շուրջ երկու տասնամյակ, միայն Ֆինանսների նախարարության համար էր բյուջեով նախատեսված որպես պարգևավճար, և կային տարբեր գործոններով պայմանավորված արտաբյուջետային հաշիվներ, այդ հաշիվները  հնարավորություններ էին ընձեռում ունենալ կառավարության կողմից միայն հաստատվող նախահաշվի շրջանակում հնարավորություն՝ ֆինանսավորել այն չափով, որքանով այդ արտաբյուջետային գործառություններից մուտքեր կառաջանային այս կամ այն ծրագրերը՝ ներառյալ նաև պարգևավճարները, տրվել է միասնական լուծում այն տրամաբանությամբ, որ մինչև 20 տոկոսի չափով բոլորի համար նախատեսվեն այդ պարգևավճարները, ոչ թե ընտրովի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է ընտրվել հենց պարգևավճարների լուծումը և ինչու չէր կարելի այդ չափով վերանայել բազային աշխատավարձը, կամ գործակիցները, Ատոմ Ջանջուղազյանն ասաց,որ կարելի էր, բայց կարելի է նաև դա հետագայում անել, եթե համոզված լինեն, որ կառավարման համակարգի դանդաղաշարժ լինելու խնդիրը լուծված է: «Բազմիցս ներկայացվել է՝ սա միջանկյալ լուծում է, քանի դեռ մենք չենք համոզվել, որ մեր կառավարման համակարգը օպտիմալ է, և այստեղ  չկան լրացուցիչ թերծանրաբեռնված հաստիքներ կամ ծանրաբեռնված հաստիքներ, որոնք գործնականում անում են ոչինչ: Եթե այդ հաստիքները բացակայում են, այդ ժամանակ կարող ենք հիմնական լուծում տալ»: Նա նշեց, որ մինչ այդ սա մոտիվացիա է, որոշակի մոտիվացիա՝ խթաններ պահելու համար, չունենան հոսունություն, որակյալ կադրեր ապահովելու խնդիր:

«19709 հաստիքի համար 2020 թվականին, եթե այդ նույն պարգևավճարների գումարը նույնպես հաշվի առնենք, միջին աշխատավարձը կազմում է 370 հազար դրամ, առանց դրա կկազմի 280 հազար դրամ: Հնարավո՞ր է արդյոք դա չնախատեսել, իհարկե, ամեն ինչ հնարավոր է, բայց պետք է հաշվի նստել հետևանքների հետ»,-ասաց նա և օրինակ բերեց, որ Ֆինանսների նախարարությունում վարձատրության մաս է նաև բաց աշխատավարձից նախատեսած մնացած գումարները, եթե այդ գումարները չհատկացվեն, միջին աշխատավարձը կնվազի:

Նա նկատեց, որ թեև իրենց կշտամբանք են հասցեագրում, որ ռազմական գործողությունների մեկնարկից հետո ներկայացնում են բյուջեն՝ առանց փոփոխելու, սակայն փոփոխեցին կարճ ժամանակահատվածում: «Այս գործիքները լավ են այնքան ժամանակ, քանի դրանք գտնվում են դրանցից օգտվել կարողացողների ձեռքին, հետևաբար շարունակականությունը և սերնդափոխությունը կառավարման համակարգում ևս առաջնահերթություն պետք է համարվեն»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ պետական համակարգում աշխատանքը հասարակական պարսավանքի առարկա էր, սակայն, ընդհակառակը՝ նրանք արժանի են հարգանքի և պետք է գնահատվեն: