ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազամուղների դեմ պատժամիջոցները խստացնելուն

05:35 • 09.12.20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել «Հյուսիսային հոսք-2» ևա «Թուրքական հոսք» գազամուղների նկատմամբ պատժամիջոցները խստացնելու նախաձեռնությանը, հաղորդում է ТАСС-ը:

Պատժամիջոցների խստացումը նախատեսված էր ԱՄՆ 2021թ. պաշտպանական բյուջով:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ արգելափակելու է բյուջեի նշված նախագիծը, քանի որ դրանում դրույթ չկար տեխնոլոգիական ընկերություններին օգտատերերի կոնտենտի հեռացման կամ այլ փոփոխություններ կատարելու պահանջներից պաշտպանող օրենսդրական կարգավորման չեղարկման վերաբերյալ:

«Հյուսիսային հոսք-2»-ը պետք է ռուսական գազը Բալթիկ ծովի հատակով հասցնի Գերմանիա: «Գազպրոմից» բացի, նախագծին մասնակցում են մի շարք եվրոպական ընկերություններ: Խողովակաշարը պետք է ավարտվեր դեռևս 2019-ին, սակայն անցած տարի դեկտեմբերին ԱՄՆ-ն ընդունեց պաշտպանության բյուջեն, որի բաժիններից մեկը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների նկատմամբ, որոնք կմասնակցեն «Հյուսիսային հոսքի» շինարարությանը:

«Թուրքական հոսքը» Սև ծովի հատակով անցնող և Ռուսաստանն ու Թուրքիան կապող ավելի քան 900 կմ երկարություն ունեցող գազատար է: 2003 թ. գործարկված Կապույտ հոսքից հետո սա Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա բնական գազի մատակարարումներ իրականացնող երկրորդ գազատարն է։ Երկու խողովակաշարից բաղկացած Թուրքական հոսքն ունի ընդհանուր առմամբ տարեկան 31,5 մլրդ խմ թողունակություն։ Նախատեսված ծավալի կեսը՝ 15,75 մլրդ խմ, սպառվելու է Թուրքիայում, իսկ մնացածը նախատեսվում է արտահանել Բուլղարիա, Սերբիա, Հունգարիա և Ավստրիա։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել Է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի «Թուրքական հոսք» նախագծի դեմ: