YouTube-ը կարգելափակի ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը վիճարկող տեսանյութերը
YouTube վիդեոհոսթինգը դեկտեմբերի 9-ից կարգելափակի այն տեսանյութերը, որոնցում պնդում է արվում, թե ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ընտրություններում հաղթել է ընտրակեղծիքների միջոցով: Այս մասին հայտնում է Известия-ն:
Ընկերության հայտարարությունում նշվում է, որ ամերիկյան բավարար թվով նահանգներ արդեն հավաստագրել են ընտրությունների արդյունքները, որոնցով հաստատվում է Բայդենի հաղթանակը:
«Մենք կսկսենք ջնջել բեռնված ցանկացած կոնտենտ, որը կարող է մարդկանց մոլորության մեջ գցել՝ պնդելով 2020-ի նախագահական ընտրությունների արդյունքները մեքենայությունների կամ սխալների միջոցով փոխված լինելու մասին»,- նշվում է հաղորդագրությունում:
Բացի դա, ընկերության մամուլի ծառայությունից պատմել են, որ սեպտեմբերից սկսած արգելափակվել է ավելի քան 8 հազար ալիք և հազարավոր «վնասակար ու մոլորեցնող տեսանյութեր», որոնք կապված են ամերիկյան ընտրությունների հետ, ընդ որում՝ դրանց 77%-ը արգելափակման պահին դիտված են եղել ավելի քիչ, քան 100 անգամ:










