«Պատվաստիր և տիրիր». գերմանական Die Zeit-ը՝ կորոնավիրուսի դեմ լավագույն պատվաստանյութի համար մեկնարկած համաշխարհային մրցավազքի մասին
«Եվրոպան, ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը մրցում են աշխարհի ամենահրատապ խնդիրը լուծելու և դրանով իրենց ազդեցությունն ընդլայնելու համար: Ո՞ւմ ռազմավարությունը կաշխատի», - հարցնում է գերմանական Die Zeit թերթը:
«Նախագահը չի ցանկանում հերթից առաջ անցնել, ավելի կարևոր է քաղաքացիների առողջությունը: Վլադիմիր Պուտինը չի ցանկանում պատվաստվել Sputnik V ռուսական պատվաստանյութով, մինչև չսկսվի Ռուսաստանի բնակչության լայնամասշտաբ պատվաստումը»,-ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ որպես պետության ղեկավար՝ Պուտինը չի կարող կամավոր լինել:
«Նրա փոխարեն պատվաստմանը պետք է մասնակցեն նրա ենթակաները: Պաշտպանության նախարարը և Արդյունաբերության նախարարը կատարեցին իրենց հայրենանվեր պարտքը և հայտարարեցին, որ պատվաստվել են: Սոբյանինն էլ նույնն արեց: Հաջորդը ռուս բժիշկներն ու ուսուցիչներն են: Մարդկանց զանգվածային և անվճար պատվաստումները պետք է սկսեք այս շաբաթ», - գրում են հոդվածի հեղինակները:
«Լավագույն պատվաստանյութի համար համաշխարհային մրցակցությունը աշխարհաքաղաքականության նոր ձև է», - նշում է թերթը:
«Մեծ տերությունների միջև նոր մրցակցության դարաշրջանում դա ավելի շատ վերաբերում էր անօդաչու սարքերին, ավիակիրներին և վարձկան բանակներին: Սակայն համավարակի ժամանակաշրջանում առաջնորդության համար պայքարում են ներարկիչներով, ամպուլներով և սառնարաններով: Այն երկիրը, որին կհաջողվի վիրուսից պաշտպանել իր քաղաքացիներին, որը կկարողանա ավելի արագ ոտքի կանգնեցնել իր տնտեսությունը, նա էլ հեղինակություն ձեռք կբերի իր սահմաններից շատ ավելի հեռու: Այս անգամ զենքը չէ իշխանություն տալիս, ինչպես ժամանակին կարծում էր Մաո Ցզե Դունը, այլ քիմիական փորձանոթները: Պատվաստանյութերի դիվանագիտությունը Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության միջև վերասահմանում է ուժերի հարաբերակցությունը միջազգային քաղաքականության մեջ»-նշված է հոդվածում:










