Հնագետները ացտեկների՝ գանգերից կազմված աշտարակում ևս 119 գանգ են հայտնաբերել
Հնագետները, պեղումներ կատարելով Մեխիկոյում գտնվող Ացտեկների՝ գանգերից պատրաստված արտասովոր աշտարակի տարածքում, նոր հատվածներ են հայտնաբերել:
Ինչպես հայտնում է BBC News-ը, Մեքսիկայի Հնագիտության և պատմության ազգային ինստիտուտի հաղորդմամբ՝ վերջերս իրականացված պեղումների ժամանակ ևս 119 գանգ է հայտնաբերվել:
Աշտարակն ինքնին հայտնաբերվել է 2015 թվականին՝ երկրի մայրաքաղաքում վերանորոգման աշխատանքներ անելու ժամանակ: Ենթադրվում է, որ դա եղել է արևի, ռազմի և մարդկային զոհաբերության աստծուն նվիրված տաճարի մի մասը:
Ացտեկները բնիկ ցեղախմբեր են եղել, որոնք 14-16-րդ դարերում բնակվել են ներկայիս Մեքսիկայի կենտրոնական շրջաններում: Նրանց կայսրությունը տապալվել է իսպանացի նվաճողների, հատկապես՝ Մեքսիկան 1521 թվականին գրաված Էռնան Կորտեսի օրոք:











