Գիտնականները փորձարկումների արդյունքում կորոնավիրուսը երկու րոպեում վերացնող միջոց են հայտնաբերել. РИА Новости
Ցինկ և անագ պարունակող ատամի մածուկները կարող են երկու րոպեում չեզոքացնել կորոնավիրուսը 99.9 տոկոսով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, լաբորատոր հետազոտությունների ընթացքում նման եզրակացության են եկել ամերիկյան Ռաթգերսի համալսարանի գիտնականները:
Գիտնականների նպատակն էր պարզել՝ հնարավոր է արդյոք նվազեցնել SARS-CoV-2 վիրուսի տարածումը բերանի խոռոչի խնամքի միջոցների օգնությամբ:
Ինչպես նշվում է British Dental Journal ամսագրում հրապարակված հոդվածում, ատամի մածուկի արդյունավետության բացահայտումից բացի հաստատվել է մեկ այլ հետազոտության ժամանակ ստացված եզրակացությունն այն մասին, որ բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հեղուկը, որը ցետիլպիրիդինի քլորիդ է պարունակում, վիրուսը չեզոքացնում է կես րոպեսում:
«Արդյունքները ցույց են տալիս, որ ատամի որոշ մածուկներ և բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հեղուկները նպաստում են SARS-CoV-2 վիրուսի տարածման նվազեցմանը՝ բերանում դրա քանակի ժամանակավոր նվազման միջոցով»,- ասվում է հետազոտության մեջ:
Հետազոտության արդյունքներն ապացուցվել են 260 հիվանդի մասնակվցությամբ կլինիկական փորձարկումների արդյունքում:










