Սինգապուրը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութի օգտագործմանը

09:42 • 15.12.20

Սինգապուրը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութի օգտագործմանը: Այս մասին, վկայակոչելով երկրի վարչապետ Լի Սյան Լունի հայտարարությունը, գրում է Associated Press-ը, նշելով՝ առաջին խմբաքանակը երկիր կժամանի մինչև այս ամսվա վերջը:

Ըստ երկրի ղեկավարի՝ իշխանությունները պատվաստանյութերի համար ավելի քան 1 միլիարդ սինգապուրյան դոլար (մոտ 750 միլիոն ԱՄՆ դոլար) են հատկացրել՝ պատվաստանյութեր արտադրողների, այդ թվում Pfizer-BioNTech-ի, Moderna Inc.-ի և չինական Sinovac-ի հետ նախնական գնման պայմանագրեր կնքելով:

Այս առնչությամբ նա ասել է. «Գիտական ապացույցների և կլինիկական փորձարկումների տվյալները ուսումնասիրելուց հետո Հանրային առողջապահության վարչությունը հաստատել է Pfizer-BioNTech պատվաստանյութը օգտագործման համար: Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին այլ պատվաստանյութեր ևս կհայտնվեն: Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, մենք 2021 թվականի երրորդ եռամսյակում կունենանք բավարար քանակի պատվաստանյութ բոլորի համար»:

Լունը շեշտել է նաև, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար նախատեսված պատվաստանյութերը կներդրվեն կամավորության սկզբունքով և անվճար կլինեն քաղաքացիների, ինչպես նաև մշտական բնակիչների համար:

Սինգապուրը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութի օգտագործմանը